11:28 | 12.02.13 | Նորություններ | 3074
ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է արտաքին կապուղիների թողունակության ընդլայնման մասին: 2013թ. փետրվարի 5-ից ԱրմենՏել ընկերության ցանցը միացել է առաջին կարգի միջազգային օպերատոր` TeliaSonera ընկերության նոր մայրուղային կապուղուն:
Նոր ուղղությունը կավելացնի ԱրմենՏել ընկերության միջազգային կապուղիների ընդհանուր թողունակությունը 10%-ով:
«Նոր մայրուղային հզորությունների միացումը պայմանավորված է ԱրմենՏելի ինտերնետ ծառայության բաժանորդային բազայի մշտական աճով, սակագնային փաթեթների ավելացմամբ և, իհարկե, էլեկտրոնային հասարակայնության զարգացմամբ: Սա երկրում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման բնականոն գործընթաց է, որը կբարձրացնի օտարերկրյա ռեսուրսների հասանելիության հուսալիությունն ու արագությունը, կավելացնի մեր ենթակառուցվացքների հզորությունն ու անկախության աստիճանը, ինչպես նաև հիմք կհանդիսանա կապի և ինտերնետի ոլորտում նոր առաջարկների համար»,- նշել է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Հիշեցնենք, որ 2010թ. «ԱրմենՏել» -ը դարձել է Հայաստանում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող առաջին օպերատորը, որը միացել է Եվրոպական մայրուղային ինտերնետ ցանցին (backbone) «Caucasus Cable System»-ի մալուխային համակարգի միջոցով: 2011թ. սեպտեմբերին ԱրմենՏելը միացրեց իր ցանցն առաջին մակարդակի (Tier 1) միջազգային խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից ` Level 3 Communications պրովայդերին: Ընկերության մայրուղային կապուղիներն անցնում են Վրաստանի եւ Իրանի տարածքով: