10:15 | 04.02.13 | Նորություններ | 4758
Անգամ ճգնաժամային տարիներին Հայաստանում ՏՏ հատվածի աճը տարեկան 20-25% է կազմել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս մասին ասել է այսօր “Մոսկովսկիե Նովոստի” թերթում հրապարակված հարցազրույցում:
«Սիլիկոնյան հովտում մի քանի կարեւոր համաձայնագրեր ենք ստորագրել: Առաջինը Հայաստանում վենչուրային հիմնադրամի ստեղծումն է: Այդ նախագիծը ենթադրում է մասնավոր եւ պետական գործընկերություն, ինչպես նաեւ դոնորների մասնակցություն: Երկրորդը Հայաստանում անդրազգային կորպորացիաների ներգրավումն է: Կառավարությունն ակտիվ կերպով աջակցում է ՏՏ հատվածի նախաձեռնություններին, եւ բազմաթիվ անդրազգային ընկերություններ դիտարկում են Հայաստանը որպես տարածաշրջանային IT կենտրոն: Synopsys, Microsoft, National Instruments, D-Link, Intel, IBM` այս ընկերությունները կամ արդեն բացել են իրենց գրասենյակները Հայաստանում, կամ էլ մենք իրենց հետ բանակցություններ ենք վարում համագործակցության հնարավոր ձեւաչափերի վերաբերյալ: Հաջորդ համաձայնագիրը, որը մենք ստորագրել ենք, վերաբերում է Արգենտինայից ներդրումների միջոցով չիպերի նոր գործարանի կառուցմանը: Մենք նաեւ բացել ենք Հայաստանի ներկայացուցչությունը Սիլիկոնյան հովտում, ինչը կօգնի նպաստել այդ ոլորտում ինտեգրացիային, մասնավոր ներդրումների ներհոսքին եւ լավ ալիք կլինի մեր ընկերություններին ամերիկյան շուկա դուրս գալու համար: Դա հեռանկարային ուղղություն է Հայաստանի համար, հատկապես, հաշվի առնելով մեր աշխարհագրությունը, աշխարհաքաղաքական ռիսկերը, տրանսպորտային փոխադրումների առումով սահմանափակ հնարավորությունները: Իսկ եթե նաեւ հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեզ մոտ մաթեմատիկայի դասավանդումը միշտ բարձր մակարդակի վրա է եղել, այդ ամենը բարենպաստ պայմաններ է ստեղծում այդ հատվածի զարգացման համար»,- ասել է վարչապետը: