10:58 | 30.01.13 | Նորություններ | 4385

ՄՏՍ-ը հեռուստափաթեթներ կառաջարկի Հայաստանում լայնաշերտ ինտերնետի մատակարարներին

ՄՏՍ-ը սկսել է ձեւավորել հատուկ հեռուստափաթեթներ, որոնք օպերատորը կառաջարկի լայնաշերտ ինտերնետի մատակարարներին Ռուսաստանի մարզերում, ինչպես նաեւ Հայաստանում, Բելառուսում եւ Ուկրաինայում:

Ինչպես հաղորդում  է Մեդիամաքս-ը, այդ մասին ասվում է «ՄՏՍ» ԲԲԸ-ի մամուլի հաղորդագրությունում:

Ներկայումս ՄՏՍ-ը ծառայություններ է մատուցում վճարովի հեռուստատեսության 3 մլն, լայնաշերտ ինտերնետի՝ 2 մլն եւ բջջային հեռուստատեսության 1 մլն հաճախորդների: Իր վճարովի հեռուստացանցերում ՄՏՍ-ն լրատվական, ժամանցային, կրթական, մարզական ավելի քան 150 HD-ալիքներ է հեռարձակում:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում որակյալ եւ հուսալի ծառայություններ մատուցելու համար ՄՏՍ-ը մշակել է եզակի ենթակառույց եւ կուտակել այնպիսի հեռուստատեսային քոնթենթ, որը մեր հաճախորդների մոտ բարձր ժողովրդականություն է վայելում: Տվյալների փոխանցման արդիական ցանցերը եւ հեղինակային իրավունքի կրողների հետ կուտակված աշխատանքային փորձառնությունը թույլ են տալիս ոչ միայն բավարարել բջջային եւ ֆիքսված տեխնոլոգիաներով հեռուստատեսային ծառայություններ ստացող մեր բաժանորդների պահանջարկը, այլեւ ՄՏՍ-ին հնարավորություն են ընձեռում դուրս գալ B2B շուկա, այսինքն հեռուստատեսային քոնթենթ առաջարկել տարածաշրջանային մատակարարներին, որոնք կկարողանան իրենց ցանցերում ՄՏՍ հեռուստատեսություն հեռարձակել», - ասել է ՄՏՍ-ի ֆիքսված բիզնեսի եւ հեռուստատեսության գծով տնօրեն Դմիտրի Բաղդասարյանը:

2013 թ-ին ՄՏՍ-ը սկսել է հիբրիդ հեռուստահարթակի ստեղծման աշխատանքները, որը տեխնոլոգիապես կմիավորի երեք էկրանների վրա (հեռուստացույցների, շարժական սարքերի եւ համակարգիչների) հեռարձակումը: