16:02 | 29.01.13 | Նորություններ | 1333

Beeline-ի բաժանորդները Վիքիփեդիայի անվճար մուտք կունենան

“ՎիմպելԿոմ Լտդ” խումբը եւ Վիքիփեդիայի օպերատոր Վիքիմեդիա հիմնադրամը հայտարարել են համագործակցության մասին, որի շրջանակում “ՎիմպելԿոմ”-ը իր բջջային կապի բաժանորդներին կտրամադրի Վիքիփեդիայի անվճար մուտքի հնարավորություն:

“Wikipedia Zero”-ի միջոցով “ՎիմպելԿոմ” շարժական կապի, այդ թվում՝ ԱրմենՏել-ի  բաժանորդներին կտրամադրվի անվճար մուտքի հնարավորություն Վիքիփեդիա անվճար հանրագիտարանի բջջային տարբերակին տեքստային ձեւաչափով, հայտնել են ընկերությունում: Անգլերեն լեզվով տարբերակին զուգահեռ հոդվածները հասանելի կլինեն նաեւ տվյալ երկրի լեզվով:

“Wikipedia Zero” կներդրվի “ՎիմպելԿոմ”-ի գործառնություններում այս տարվանից սկսած` շեշտը դնելով Արեւելյան Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի զարգացող շուկաների վրա: “Wikipedia Zero” նախաձեռնությունը կլինի համագործակցության առաջին քայլը, հետագայում երկու գործընկերները  ծրագրում են համատեղ մշակել լրացուցիչ Վիկիմեդիա ծառայություններ` ուղղված զարգացող շուկաներին:

“Աշխարհի 6-րդ ամենախոշոր հեռահաղորդակցության օպերատորը եւ 5-րդ ամենամեծ կայքէջը հանդես են գալիս համատեղ առաջարկով` տրամադրելով մեր բաժանորդներին անվճար գիտելիքներ ձեռք բերելու ավելի մեծ հնարավորություն հատկապես զարգացող շուկաներում: Սա փոխշահավետ համագործակցություն է, որը մեզ թույլ կտա խթանել շարժական ինտերնետի օգտագործումը մեր բաժանորդների շրջանում` միեւնույն ժամանակ աջակցելով Վիքիփեդիայի առաքելության իրականացմանը. այն է անվճար մուտք տրամադրել համաշխարհային գիտելիքների շտեմարանին”,- ասել է ՎիմպելԿոմ-ի Կոմերցիոն եւ ռազմավարական հարցերով գլխավոր տնօրեն Միխայիլ Գերչուկը:

“Համագործակցելով աշխարհի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորներից մեկի` “ՎիմպելԿոմ”-ի հետ, մենք այժմ կարող ենք ընդլայնել այն երկրների ցանկը, որտեղ կարող ենք տարածել Վիքիփեդիային անվճար մուտք գործելու հնարավորությունը:  Այս համագործակցության շնորհիվ “Wikipedia Zero”-ն հասանելի կլինի աշխարհի բջջային կապի 330 միլիոն բաժանորդներին”,- նշել է Վիկիմեդիա հիմնադրամին կից բջջային կապի բաժնի ղեկավար Կուլ Տականաո Վադհան: