17:09 | 15.01.13 | Նորություններ | 4081
Այսօր մեկնարկեց «Orange Գրքի մրցանակ 2012» գրքի մրցույթի երկրորդ փուլը` հանրային քվեարկությունը: Առաջին փուլի արդյունքներով, որի ընթացքում ժյուրիի անդամները պետք է ընտրեին առավելագույնը երեք ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում, երկրորդ փուլում ընթերցողների լայն զանգվածների դատին են հանձնվում հետևյալ ստեղծագործությունները, որոնցից յուրաքանչյուրը հավակնում է տվյալ անվանակարգում հաղթողի կոչմանը.
Պատմվածք. Աղասի Թադևոսյան, «Առօրյա պատմություններ «իմ» Ամերիկայից», Նարե Սահակյան, «Համոյի սիրած ծաղիկը», Վրույր Թադևոսյան, «Կապույտ վզկապով կինը»:
Վեպ/վիպակ. Նարինե Կռոյան, «Երիքով», Հովհաննես Թեքգյոզյան, «Մաշկացավ»
Հեքիաթ. Էլֆիք Զոհրաբյան, «Նարցիսը», Երազիկ Գրիգորյան, «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ», Մերուժան Հարությունյան, «Փոքրիկ իշուկն ու գորշ գայլը»
Բանաստեղծական շարք. Կարեն Անտաշյան, «Ռեքվիեմ», Լօլա Գունտաքճեան, «Խորհուրդ բանաստեղծի մը», Շուշանիկ Թամրազյան, «Մոգ արքաներ»
Այսօրվանից սկսած՝ բոլոր ընթերցողները հնարավորություն ունեն ծանոթանալ և քվեարկել առաջին փուլը հաղթահարած ստեղծագործությունների օգտին http://orangearmenia.am/ պաշտոնական էջում` համապատասխան ստեղծագործության մոտ սեղմելով Facebook-ի «like» կոճակը: 2013թ. փետրվարի 15-ի կեսօրին կամփոփվեն առցանց քվեարկության արդյունքները, և կգրանցվի յուրաքանչյուր ստեղծագործության ստացած ձայների քանակը:
Բոլոր ժանրերում հաղթող ստեղծագործությունները կընտրվեն ժյուրիի քվեարկությամբ, ընդ որում, առցանց քվեարկության արդյունքները հաշվվում են որպես ժյուրիի մեկ անդամի ձայն: Հատուկ «Ժողովրդական» մրցանակի կարժանանա նաև ընթերցողների քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած ստեղծագործությունը ` անկախ ժանրից:
«Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր արժանացել են ժյուրիի հավանությանը: Այս պահից սկսվում է շատ հետաքրքիր շրջան, երբ բոլոր ընթերցասերները կարող են կարդալ ու իրենց կարծիքը հայտնել մասնակից գործերի վերաբերյալ: Սա բացառիկ պահ է, քանի որ սովորաբար ընթերցողները գործը բացահայտում են այն ժամանակ, երբ այն արդեն գրքի է վերածվել: Հուսով ենք, որ հանրային ընթերցանությունների, քննարկումների և հեղինակների հետ հանդիպումների միջոցով մենք կներգրավենք ընթերցողների ամենալայն շրջանակներին և կխթանենք հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կտպագրվի 500 տպաքանակով, իսկ հաղթող ստեղծագործությունների հեղինակները, բացառությամբ «Ժողովրդական մրցանակ» անվանակարգի հաղթողի, կստանան դրամական պարգև` 500 000 դրամ: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն փետրվարի 20-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
Հիշեցնենք, որ Orange Գրքի մրցանակ 2012-ի համար ընդհանուր թվով ներկայացվել է 470 մասնակցության հայտ, որոնցից 155-ը` պատմվածքի ժանրում, 236-ը` պոեզիայի, 39-ը` վեպ/վիպակի, իսկ 40-ը` հեքիաթի ժանրում: Մրցույթն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Նախորդ տարի մրցույթին մասնակցում էին 130 ստեղծագործություն:
Հիշեցնենք, որ մրցույթին կարող են մասնակցել նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով (արևելահայերեն կամ արևմտահայերեն) և ներկայացրել են նախկինում չհրատարակված գրական երկ: Այս տարի առաջին անգամ Orange Գրքի մրցանակին կարող են հավակնել նաև Սփյուռքի` հայերեն լեզվով ստեղծագործողները:
Մրցույթի նպատակն է բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին, ինչպես նաև խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Orange Գրքի մրցանակը կազմակերպվում և իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին: