00:07 | 27.12.12 | Հոդվածներ | exclusive 7280

Երեւան` եռաչափ մայրաքաղաք

Երեկոյան Երեւանով զբոսնելու սիրահարները աշնան ամիսներին Հյուսիսային պողոտայում նկատած, իսկ ոմանք՝ նաեւ օգտված կլինեն ինտերակտիվ էկրանից, որին եռաչափ պատկերված է մեր քաղաքը, եւ որտեղ կարելի է տեղեկանալ Երեւանի մշակութային անցուդարձին:

Ձմռան պատճառով ժամանակավոր «հանգստի գնացած» նախագծի հեղինակներն էին Երեւանի քաղաքապետարանը եւ Լոկատոր ընկերությունը, որը մինչ այժմ հայտնի էր տեղական շուկայում իր նավիգացիոն համակարգերով:

Պարզվում է, ընկերության ներդրումը Հայաստանի «եռաչափացման» գործում անհամեմատ մեծ է: Համոզվելու համար միացրեք Google Earth ծրագիրը (իսկ ով չունի՝ նախ ներբեռնեք), ձախից ներքեւում ակտիվացրեք «3D buildings» տողը, այնուհետեւ մոտեցրեք... ոչ, դեռ Երեւանը չէ, սկսենք, օրինակ, Փարիզից: Մոտեցրեք, ուսումնասիրեք, իսկ հիմա՝ արդեն Երեւանը: Զգացի՞ք տարբերությունը: Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ Երեւանն ինչ-ով լավ բանով առաջ է անցել Փարիզից:

Լոկատորի կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանն ասում է, որ Երեւանի նման մանրակրկիտ եռաչափ մոդելավորմամբ չի կարող պարծենալ ոչ մի այլ քաղաք:

Երեւանում, որտեղ դեռ չեն հասել Google-ի Street View լուսանկարող ավտոմեքենաները, եռաչափ շենքերի բազմությունը հանդիսանում է այն որոշակիորեն փոխարինող գործիք, սակայն, Լոկատորի ղեկավարության համոզմամբ, եռաչափ մոդելավորումն ավելի հեռահար նպատակներ ունի:

«Մոտ 2 տարի առաջ Google Earth համակարգով Երեւանն ուսումնասիրելիս, տեսա բավականին գրագետ կատարված շուրջ 20 եռաչափ մոդելավորված շենք: Շենքերը վերբեռնված էին 3 տարբեր հեղինակների կողմից: Ինձ մոտ բավականին հավակնոտ միտք առաջացավ՝ իսկ ինչո՞ւ չծածկենք ողջ Երեւանը: Ուսումնասիրեցի ուրիշ քաղաքներ, այդ թվում՝ Փարիզը, Լոնդոնը, Նյու-Յորքը, Հռոմը, տեսա, որ այնտեղ մոդելավորումն ամբողջությամբ արված է, իսկ ԱՊՀ երկրներում այն բացակայում է՝ բացառությամբ պատմական հուշարձանների», - պատմում է Վլադիմիր Սոֆյանը:

Այնուհետեւ Լոկատորը գտավ առաջին 20 շենքերը մոդելավորած 3 հեղինակներին եւ առաջարկեց համագործակցել: Հիմա նախագծի վրա աշխատում է 17 մարդ, իսկ Երեւանում եռաչափ մոդելավորված շենքերի թիվն անցել է 3 000-ից: Լոկատորի թիմն արդեն հասցրել է դուրս գալ Երեւանի սահմաններից դուրս եւ եռաչափ մոդելավորել բազմաթիվ պատմական հուշարձաններ եւ մասամբ՝ քաղաքներ:

Ինչպե՞ս են մոդելավորվում շենքերը

Մոդելավորվող շենքն առաջին հերթին լուսանկարվում է 10-12 դիտակետերից: Լուսանկարները համախմբվում են մեկ համակարգում, այնուհետեւ տեղադրվում են մոդելի վրա, որից հետո մոդելավորողները սկսում են «նկարել» շենքը:

«Նկարները պետք է լինեն ճակատային: Բնականաբար, ոչ բոլոր շենքերն է հնարավոր ճակատային մասից նկարել. հաճախ խանգարում են ծառերը կամ հարեւան շինությունները: Այս հարցը լուծում են ֆոտոկոռեկտորները, որոնք հեռանկարային նկարը դարձնում են ճակատային: Դրանից հետո մեր մոդելավորողները, կարելի է ասել, ոսկերչական աշխատանք են սկսում», - պատմում է Վլադիմիր Սոֆյանը:

Ինչո՞ւ է բողոքում Google-ը


Երբ շենքը պատրաստ է, ընկերության տեղեկատվական բաժինը սկսում է բանակցել Google-ի հետ, որը պարտադիր պետք է տա Google Earth-ում շենքը տեղադրելու թույլտվությունը:

«Google-ին պետք են հնարավորինս թեթեւ օբյեկտներ, որպեսզի համակարգը չծանրանա, այդ պատճառով նրանք մշտապես բողոքում են, որ մեր օբյեկտները չափից շատ ծանր են եւ պահանջում են փոքրացնել դրանց չափը», - պատմում է Լոկատորի կոմերցիոն տնօրենը:

Արդյունքում ընկերությունն ունենում է եռաչափ օբյեկտների 2 տարբերակ, մեկը՝ Google Earth-ի համար, մյուսը՝ «սեփական օգտագործման»:

Վլադիմիր Սոֆյանը ցուցադրում է Տաթեւի վանական համալիրի «գերդետալիզացված» տարբերակը, որով կարելի է զբոսնել վանական համալիրով, անգամ ճոպանուղի նստել:

«Նպատակ ունենք նման կերպ հավաքել Հայաստանի տարածքում գտնվող շուրջ 200 եկեղեցիների եւ այլ պատմամշակութային հուշարձանների ամբողջական կատալոգ, որպեսզի մեր մշակութային ժառանգությունն ավելի ճանաչելի դառնա աշխարհում», - պատմում է Վլադիմիր Սոֆյանը:

Նման վիրտուալ հուշարձանները գտնվելու են ընկերության սերվերների վրա: Google Earth-ում Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին ծանոթացողներին կառաջարկվի սեղմել համապատասխան հղումի վրա եւ ծանոթանալ հուշարձանին շատ ավելի համապարփակ: Ընկերությունը նաեւ նախագծվում է հայկական եռաչափ հուշարձաններով հավելվածներ պլանշետային համակարգիչների եւ սմարթֆոնների համար:

«Նմանատիպ նախագծեր աշխարհում շատ քիչ կան: Այս ամենն արվում է դեպի Հայաստան ներդրումների խթանման եւ տուրիզմի զարգացման համար է: Ով ուսումնասիրում է Հայաստանը Google Earth-ով, արդեն կտեսնի երկրի ՏՏ-հատվածի զարգացվածության մակարդակը, որովհետեւ ԱՊՀ երկրներից ոչ մեկը եռաչափ շենքերով այսպես հագեցված չէ», - ասում է Լոկատորի կոմերցիոն տնօրենը:

3D vs  Street View

Google-ի լուսանկարող մեքենաներն արդեն անցել են աշխարհի բազմաթիվ քաղաքների փողոցներով՝ հնարավորություն ընձեռելով վիրտուալ կերպով «զբոսնել» դրանցով: Google-ի երթուղին դեռ չի ընդգրկել մեր տարածաշրջանը, բայց կարելի է ենթադրել, որ այն քաղաքները, որտեղ առկա է Street View-ն, այլեւս կարիք չունեն շեշտադրելու շենքերի 3D մոդելավորումը: Դրա վառ ապացույցն է Սանկտ-Պետերբուրգը, որի շենքերի եռաչափ մոդելների մեծամասնությունը ուղղակի «մերկ» խորանարդեր կամ այլ երկրաչափական մարմիններ են:

Լոկատորի կոմերցիոն տնօրենը համաձայն չէ այն դիտարկման հետ, որ Street View-ն հետ է մղում եռաչափ մոդելավորումը:

«Դրանք տարբեր նշանակություն ունեցող գործիքներ են: 3D-ն հնարավորություն է տալիս ծանոթանալ շենքերին այնպիսի ռակուրսներից, որոնցից անհնար է Street View-ով: Բացի այդ, 3D-ն թույլ է տալիս մոդելավորել քաղաքի ապագա պատկերը, խաղեր, ինչպես նաեւ բազմաթիվ այլ օգտակար գործիքներ նախագծել», - պատմում է Վ. Սոֆյանը, ցուցադրելով ընկերության բազմաթիվ գաղափարների «սաղմնային» նախագծերը համակարգչի վրա:

Դրանցից մեկը հիշեցրեց հանրահայտ Grand Theft Auto-ն, որի հերոսը վազվզում էր Պոլիտեխնիկի բակով: Փաստորեն, խաղամոլները ոչ հեռու ապագայում կանեն վիրտուալ Երեւանի փողոցներում այն, ինչ չեն անի իրականում:

Իսկ վիրտուալ աշխարհից դուրս...
      
Տրամաբանական է, որ զուտ հայրենասիրական գաղափարներով նման ծավալուն նախագիծը երկար «սնվել» չի կարող եւ անհրաժեշտ են ներդրումներ: Լոկատորն այդ նպատակով բանակցում է խոշոր բիզնես-կառույցների եւ բարերարների հետ:

Հարցազրույցի ընթացքում նկատեցինք, որ ընկերության աշխատակիցները մոդելավորում են մեզ համար անծանոթ շենքեր: Պարզվում է՝ դա Գլենդել Հիլզ ընկերության պատվերն է, որն այդ կերպ գովազդում է իր նոր շենքերն ու թաղամասերը:

Ռուբեն Հարությունյան