ԱրմենՏել ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանն ու Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը
ԱրմենՏել ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանըը
04:33 | 17.12.12 | Նորություններ | 5462
Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա-ընկերությունը եւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն այսօր ներկայացրել են «Երեւան. XX դար» գիրքը:
Գիրքը ստեղծված է համանուն նախագծի հիման վրա, որն ս.թ. մարտից իրականացվում է Մեդիամաքս-ի կայքում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր հովանավորությամբ:
Գրքում ներառվել են 15 պատմություններ այն շենքերի եւ վայրերի մասին, որոնք մեծ նշանակություն ունեն Երեւանի համար: Մասնավորապես, ընթերցողները կարող են ծանոթանալ Կասկադի, Փակ Շուկայի, «Անի» եւ «Սեւան» հյուրանոցների, Կարապի լճի, «Կոզիրյոկ» սրճարանի, Երիտասարդության պալատի, «Հրազդան» մարզադաշտի, «Մոսկվա» եւ «Ռոսիա» կինոթատրոնների եւ այլ վայրերի պատմություններին:
«Արդեն երեք տարի է, ինչ ես ապրում եմ Երեւանում, եւ ամեն օր ինձ համար ինչ-որ նոր, վառ եւ յուրատեսակ բան եմ բացահայտում: Ես այստեղ շատ ընկերներ ունեմ, ովքեր միշտ մեծ սիրով են պատմում իրենց քաղաքի մասին: Նաեւ նրանց պատմությունների շնորհիվ ես իսկապես սիրեցի Երեւանը. չէ՞ որ յուրաքանչյուր քաղաք ապրում է իր պատմությամբ եւ հիշողություններով, որոնք փոխանցվում են սերնդից սերունդ: Վստահ եմ, որ գիրքը հետաքրքիր եւ օգտակար կլինի, հատկապես երեւանցիների համար, ու եւս մեկ կապող օղակ կհանդիսանա երիտասարդ եւ ավագ սերունդների միջեւ: Թերթելով այդ գրքի էջերը` ընթերցողը կարող է իրեն հաղորդակից դարձնել հին Երեւանին` տեսնելով քաղաքը լուսանկարներում եւ կարդալով ականատեսների պատմությունները», - ասված է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքում:
«Վերջերս մի հրաշալի արտահայտություն լսեցի. «Քաղաքը քարերը չեն, այլ` մարդիկ»: Մեր գիրքը հենց դրա մասին է: «Երեւան. XX դար» նախագծի շրջանակներում մենք նախեւառաջ փորձում ենք փոխանցել քաղաքի այն միջավայրը, որը ձեւավորում էին նրա բնակիչները: Երբ տարեսկզբին «ԱրմենՏել»-ի աջակցությամբ մեր կայքում գործարկեցինք «Երեւան. XX դար» հատուկ նախագիծը, բնականաբար, հաջողություն էինք ակնկալում: Սակայն, ընթերցողների արձագանքը գերազանցեց մեր սպասումները: Ժամանակի հետ հասկացանք, որ առանձին գրքի թողարկումը անհրաժեշտություն է, քանի որ միջին եւ տարեց սերնդի բազմաթիվ մարդկանց համար հենց գիրքն է մնում տեղեկատվության սպառման սիրելի միջոցը», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:
Նա նաեւ նշել է, որ «Երեւան. XX դար» դարձել է բազմաֆորմատային` ինտերնետային նախագծից ու գրքից բացի կա նաեւ «Երեւան. XX դար» հեռուստատեսային տարբերակը, որը Մեդիամաքսը իրականացնում է Արմենիա հեռուստաընկերության պատվերով եւ որը բավականին բարձր վարկանիշ ունի:
12 հաղորդումներից բաղկացած հեռուստատեսային տարբերակը մեկնարկեց հոկտեմբերի սկզբին եւ դեկտեմբերի 23-ին եթերում կլինի շարքի վերջին հաղորդումը` Փակ շուկայի մասին:
Գրքի տպաքանակն է 1 000 օրինակ: 500 օրինակը «ԱրմենՏել» ՓԲԸ-ն կօգտագործի
որպես Ամանորյա կորպորատիվ նվեր: Մնացած 500 օրինակը վաճառքի կհանվի` Մեդիամաքսը եւ ԱրմենՏելը ծրագրում են վաճառքից ստացած գումարը օգտագործել Հայաստանի մայրաքաղաքում որեւէ նախագծի իրականացման համար:
«Երեւան. XX դար» գիրքը կարելի է ձեռք բերել «Բուկինիստ», «Նոյան Տապան» եւ «Արտբրիջ» գրախանութներում: Գրքի արժեքն է 5.500 դրամ: