07:32 | 03.12.12 | Նորություններ | 2884
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «BirthLink» ՀԿ համատեղ իրականացվող նորածնային խնամքի նախագծի շրջանակներում Սպիտակի ծննդատունը համալրվեց նորածնային խնամքի անհրաժեշտ սարքավորումներով:
Հիվանդանոցին տրմադրվել են հետեւյալ սարքավորումները. վերակենդանացման սեղանիկ՝ ջերմահաղորդիչով, պուլսօքսիմետր, շարժական թթվածնային բալոն, պայուսակ՝ հրատապ իրավիճակների համար, տաքացվող ներքնակ, արտածծիչ (սարքավորում արտածծման համար), հայտնել են ընկերությունում:
«Սպիտակը Լոռու մարզի երկրորդ քաղաքն է, որն ընդգրկվել է նորածնային խնամքի ծրագրում: Այս նախագիծը ձեռնարկելու առաջին իսկ պահից գիտակցում էինք, որ մեզ մարտահրավերներով լի ճանապարh է սպասվում, սակայն վճռական էինք, եւ մենք շարունակելու ենք նախագիծն իրականացնել այնքան ժամանակ, մինչեւ վստահ լինենք, որ հատուկ հոգածության կարիք ունեցող յուրաքանչյուր նորածին ապահով է` հիվանդանոցներում տեղադրված անհրաժեշտ սարքավորումների շնորհիվ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն հինգ տարի համագործակցում է «BirthLink» ՀԿ հետ: Այս ժամանակահատվածում Երեւանի եւ մարզերի ավելի քան 30 բժշկական կենտրոններում տեղադրվել է մոտ 360 մլն դրամ ընդհանուր արժողության սարքավորում: