04:33 | 28.11.12 | Նորություններ | 3869

ՎիվաՍել-ՄՏՍ-ը համալրեց Ստեփանավանի ծննդատունը նոր սարքավորումներով

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը BirthLink ՀԿ-ի հետ համատեղ նորածնային խնամքի նախագծի շրջանակներում Ստեփանավանի ծննդատանը նոր սարքավորումներ է տրմադրել, հայտնել են ընկերությունում:

Հիվանդանոցին տրմադրվել են վերակենդանացման սեղանիկ՝ ջերմահաղորդիչով, պղպջակային СРАР, տաքացվող  ներքնակ, պուլսօքսիմետր, ֆոտոթերապիայի  լամպ, շարժական թթվածնային  բալոն, պայուսակ՝ հրատապ իրավիճակների  համար, արտածծիչ (սարքավորում արտածծման  համար), օդափոխման  համակարգ, ներարկման  մխոց (պոմպ): 

«Ուրախ ենք, որ նորածնային խնամքի նախագիծն ընդգրկել է նաեւ Լոռու մարզը: Այս նախագիծը նպատակ ունի շրջաններում բժշկական ծառայությունները դարձնել առավել մատչելի` զգալիորեն նվազեցնելով բնակավայրերից Երեւանի հիվանդանոցներ տեղափոխման անհրաժեշտությունը եւ դրա հետ կապված ծախսը: Յուրաքանչյուր մանկան կյանքը պարգեւ է, եւ, որպես հոգատար ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է օգնելու ծննդատներին` այսօրվա ամենամեծ մարտահրավերը` նորածնային մահացության մակարդակը հաղթահարելու հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընկերությունն արդեն 5 տարի համագործակցում է «BirthLink» ՀԿ հետ` նպաստելով Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Այս ժամանակահատվածում, Երեւանի եւ մարզերի ավելի քան 30 բժշկական կենտրոններում տեղադրվել է մոտ 360 մլն դրամ ընդհանուր արժողության սարքավորում: