04:20 | 21.11.12 | Նորություններ | 4744

ArmNet Awards 2012-ին ներկայացվել է 540 նախագիծ

Երեւան/Մեդիամաքս/. Նոյեմբերի 19-ին ավարտվել է “ArmNet Awards 2012”-ին մասնակցող կայքերի գրանցումը: Մրցույթին գրանցվել է ընդհանուր թվով  540 մասնակից, այդ թվում կայքեր, բջջային հավելվածներ, բլոգեր եւ սոցիալական ցանցերի էջեր:

Ժյուրիի ընտրությանը զուգահեռ նոյեմբերի 22-ից կմեկնարկի SMS քվեարկություն, եւ բոլոր այցելուները SMS հաղորդագրության միջոցով կկարողանան քվեարկել իրենց նախընտրած կայքի համար, հայտնել մրցույթի կազմակերպիչ են Orange Armenia-ում:

Քվեարկելու համար պետք է հեռախոսահամարից ուղարկել SMS 1041 կարճ համարին (Հայաստանից 1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ)` բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի մասնակցության հատուկ համարը (մասնակիցները ներկայացված են լինելու www.armnetawards.am կայքում):  Մեկ կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ, սակայն նույն բաժանորդը կարող է քվեարկել այնքան թվով կայքերի օգտին, որքան կցանկանա: Քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը կճանաչվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող: Մրցույթին մասնակցող սոցիալական ցանցերի անձնական էջերը «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում ներառված չեն եւ քվեարկությանը չեն մասնակցում: SMS քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 8-ին, ժամը 18:00-ին: 

Մրցույթի արդյունքում մրցանակներ կտրվեն 8 լավագույն մասնակիցներին հետեւյալ անվանակարգերում.

•    Գլխավոր մրցանակ:
•    Դիզայն եւ հարմարավետություն:
•    Նորարարություն:
•    Տեխնիկական կատարում:
•    Բովանդակություն:
•    Հասարակական ազդեցություն:
•    Տարվա առաջընթաց:
•    Ժողովրդական ընտրություն:
•    Orange-ի կողմից սահմանված մրցանակ` լավագույն բջջային հավելվածի համար:

Նոյեմբերի 30-ին կհրապարակվի ժյուրիի կողմից  ընտրված հավակնորդների ցանկը յուրաքանչյուր անվանակարգի համար (բացառությամբ « Ժողովրդական ընտրություն» անվանակարգի), իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 8-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

ArmNet 2012 ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը եւ Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը: