03:34 | 14.11.12 | Նորություններ | 4362

Beeline բաժանորդները կարող են շփվել Одноклассники-ում SMS-ների միջոցով

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելի (ապրանքանիշը Beeline) կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդներն այսուհետ հնարավորություն ունեն ստանալ անվճար SMS` անձնական հաղորդագրությունների, նվերների, նկարներին արված մեկնաբանությունների, ինչպես նաև ընկերների ծննդյան օրերի վերաբերյալ: 

«Одноклассники SMS-ծանուցում»  ծառայությունից օգտվելու համար օգտատերը սոցիալական ցանցի իր անձնական էջում պետք է ակտիվացնի «SMS-ծանուցում ստանալու» հնարավորությունը «Իմ կարգավորումներ» բաժնում: Այդ նույն էջում կարելի է ինքնուրույն կարգավորել SMS-ծանուցումներ ստանալու ժամերը, ինչպես նաև այն իրադարձությունները, որոնց մասին օգտատերը ցանկանում է ստանալ ծանուցում, հայտնել են ընկերությունում:

Ծառայության ակտիվացումն անվճար է: Ծառայությունն օգտվողին հնարավորություն է տալիս պատասխանելու անձնական հաղորդագրություններին SMS-ի միջոցով: Բոլոր ուղարկված SMS հաղորդագրությունները տարիֆիկացվում են 9 դրամ սակագնով:

«Առաջին հերթին այս ծառայությունը մեծ պահանջարկ է վայելում շարժունակությունը գնահատող երիտասարդների շրջանում: ԱրմենՏելը հետևում է կապի,  ինտերնետի և սոցիալական ցանցերի ժամանակակից միտումներին և այսօր ուրախ ենք տեղեկացնել, որ մեր հաճախորդներին հասանելի են Հայաստանում ամենահայտնի սոցիալական ցանցերի անվճար SMS-ծանուցում ծառայությունները», - նշել է  ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
 
Ըստ Liveinternet  ռեսուրսի, Հայաստանում Одноклассники  սոցիալական ցանցի  ամենօրյա լսարանը գերազանցում է 680.000 օգտատերը:

 2012թ հոկտեմբերին ԱրմենՏելը գործարկեց «ВКонтакте» SMS ծանուցում» ծառայությունը, իսկ ավելի վաղ նման ծառայություն գործում էր Facebook սոցիալական ցանցում, ինչպես նաև Beeline բաժանորդները կարող են օգտվել 0.facebook.com անվճար բջջային տարբերակին հասանելիության ծառայությունից: 2011թ-ի դեկտեմբերին Beeline բաժանորդների համար գործարկվել է «Мой Мир» սոցիալական ցանցում «SMS-ծանուցում» ծառայությունը: