08:20 | 13.11.12 | Նորություններ | 1314

Մեկնարկել է «Իրեր տարբերակող ռոբոտ» եւ «Ական փնտրող ռոբոտ» մրցույթների գրանցման փուլը

Երեւան/Մեդիամաքս/. 2013 թվականի համար Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հայտարարել է ԱրմՌոբոտիքսի երկու մրցույթի գրանցում:

Մինչեւ թվականի դեկտեմբերի 15-ը կարող են գրանցվել «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթին մասնակցել ցանկացողները, իսկ մինչեւ դեկտեմբերի 28-ը` «Ական փնտրող ռոբոտ» պատրաստել ցանկացողները, հայտնել են ԻՏՁՄ-ում:

Գրանցման համար անհրաժեշտ է այցելել www.armrobotics.am կայք եւ լրացնել հայտ:  Մրցույթների եզրափակիչ փուլերը կկայանան 2013թ. մարտ եւ մայիս ամիսներին: 
«Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթի մասնակիցները  պետք է նախագծեն եւ պատրաստեն ռոբոտներ, որոնք կգտնեն, կհավաքեն եւ կդասակարգեն իրարից տարբեր 2 իր` թենիսի գնդակ եւ հյութի մետաղական տարա:
 
«Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակիցների նախագծած եւ պատրաստած ռոբոտները պետք է գտնեն հողի տակ պահված ականները, նշեն դրանց տեղակայման վայրը, սարքեն ականների դասավորությամբ էլեկտրոնային քարտեզ եւ ուղարկեն սերվերի վրա:

Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման եւ Աջակցման Ծրագիրը (Արմռոբոտիքս) կազմակերպվում է 2008թ.-ից: ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է ԻՏՁՄ-ը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: