23:49 | 12.11.12 | Նորություններ | 1299

Կայացավ StartUp Cup մրցույթի պարգեւատրման արարողությունը

Երեւան/Մեդիամաքս/. Նոյեմբերի 12-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Armenia StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի հաղթողներին պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը, որով մեկնարկեց Հայաստանում առաջին Ձեռներեցության համաշխարհային շաբաթը: 

Հաղթող խումբը` TECTVM մշակեց եւ ներկայացրեց Հայաստանում այծի պանրի արտադրության բիզնես մոդել: «Այն միանգամայն օրգանական արտադրանք է, որը կանխում է վիրուսային վարակները, եւ կարող է օգտագործվել թե´ բուժման ընթացքում, թե´ հետո», - հավատացած են խմբի անդամները:

Երկրորդ մրցանակը տրվեց ArmAudioBooks թիմին, որը որպես բիզնես մոդել մշակել էր «ամբողջական ձայնային տաղանդի ձայնագրման ստուդիայի գաղափար արհեստավարժ աշխատակազմով եւ տեխնիկայով, որը մասնագիտացած է աուդիո գրքերի, աուդիո ուղեցույցների եւ այլ աուդիո ձայնագրման գործում»:

Innovative Greenhouse-ը, որը մշակել է «եզակի, պատենտային տեխնոլոգիա, ըստ որի գազալցավորման ընթացքում առաջացած էներգիան փոխակերպվում է ջեռուցման եւ օգտագործվում է ջերմոցներում` ապահովելով միրգ-բանջարեղենի եւ վարդերի մշակումը շուրջ տարի» բիզնես մոդելը, ստացավ երրորդ մրցանակը:

Մասնակիցներն աշխատել են իրենց բիզնես մոդելների վրա սկսած ս.թ. օգոստոս ամսից: Սեպտեմբերին Հայաստանի ամերիկյան համալսարանում նրանք մասնակցեցին «Ինչպես կառուցել բիզնես» խորագիրը կրող աշխատանքային սեմինարի, որը վարում էին Միացյալ Նահանգներից ժամանած StartUp Cup-ի հիմնադիրները:

Երեք հաղթողները` TECTVM, ArmAudioBooks եւ Նորարար Greenhouse-ը, կստանան դրամական մրցանակներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» ծրագրի կողմից,  որը կօգնի թիմերին գործնականորեն նախաձեռնելու կամ ընդարձակելու իրենց բիզնեսը:

Հայաստանում StartUp Cup մրցույթը կազմակերպել են Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան, «Ի-Դի-Էմ-Սի»-ն եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանը: Միջոցառմանն աջակցում են նաեւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Ձեռներեցության զարգացման եւ ղեկավարների վերապատրաստման կենտրոնը (CEED), DoIt!Lab-ը, Deem Communications ընկերությունը եւ Երիտասարդ առաջնորդների դպրոցը:

«Սա առաջին տարին է, որ Հայաստանում  StartUp Cup մրցույթ է կազմակերպվում, բայց արդյունքներն արդեն իսկ տպավորիչ են: Այսպիսի գործընկերների հետ աշխատելը եւ Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա միջոցառումերը Հայաստանում պաշտոնապես հյուրընկալելը մեզ համար չափազանց մեծ պատիվ եւ պատասխանատվություն է»,- ասել է Հայաստանի ստարտափների առաջնության կազմակերպիչ Հայկ Ասրիյանցը: