02:35 | 05.10.12 | Նորություններ | 4526

ՎիվաՍել-ՄՏՍ-ը միկրոէլեկտրոնիկայի ամենամյա 7-րդ միջազգային օլիմպիադայի գլխավոր հովանավորն է

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացրել է, որ միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա 7-րդ միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլում մրցանակակիրներից հաղթող են ճանաչվել 24-ը` 10 անվանակարգում:

Օլիմպիադայի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն օլիմպիադայի հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն է:

Հայաստանում Սինոփսիսի շաբաթվա շրջանակներում անցկացվող այս տարվա օլիմպիադան արտացոլում էր մասնակից երկրների լայն աշխարհագրություն՝  ներկայացուցիչներ ներառելով 14 երկրից. Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Եգիպտոսից, Գերմանիայից, Հնդկաստանից, Հորդանանից, Մալազիայից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, ՄԱԷ-ից, Ուկրաինայից եւ ԱՄՆ-ից: Օլիմպիադայի 418 մասնակիցներից 191-ը հայաստանյան ԲՈՒՀ-երի եւ ՏՏ ընկերությունների, իսկ 227-ը՝ միջազգային համալսարանների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ էին:

Օլիմպիադան բացահայտում է մինչեւ 30 տարեկան առավել խելացի եւ տաղանդավոր ճարտարագետներին: 2012թ. օլիմպիադան ընդգրկում էր հետեւյալ թեմաները՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, անալոգային եւ խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, կիսահաղորդչային սարքեր եւ տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական եւ ալգորիթմական ապահովում:

Օլիմպիադան իրականացվում էր երկու փուլով: Առաջին փուլը ստուգարքի ձեւով անցկացվել է սեպտեմբերին`մասնակից բոլոր երկրներում: Երկրորդը ներառել է ինքնատիպ լուծումներ պահանջող ճարտարագիտական խնդիրներ: Առաջին փուլի 418 մասնակիցներից երկրորդ փուլ են անցել 34-ը, որոնցից 18-ը Հայաստանից էին (14-ը Երեւանից, չորսը՝ Գյումրիից), իսկ 16-ը՝ տարբեր երկրներից:

«Հայաստանում կրթության որակը կկանխորոշի մեր ապագան: Այն էական դեր ունի  երկրի մրցակցային առավելությունները խթանելու հարցում»,-ասել է օլիմպիադայի գլխավոր հովանավոր ընկերության` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Անհրաժեշտ է հնարավորինս քաջալերել նման նախաձեռնությունները: Որպես հեռահաղորդակցության առաջատար օպերատոր եւ կորպորատիվ քաղաքացի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւորում է ցանկացած նախաձեռնություն, որը երիտասարդներին հնարավորություն է ընձեռում լինել բացահայտող եւ  խրախուսում է նրանց ստեղծագործականությունը»:

«Իր գոյության յոթերորդ տարում Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային օլիմպիադան շարունակում է տպավորիչ թափ հավաքել: Երեք տարի առաջ, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ուսանողների մասնակցությամբ կազմակերպված օլիմպիադան, միջազգային դառնալու առաջին երերուն քայլերն արեց: Այս տարի արդեն` օլիմպիադան մասնակիցներ է ներգրավել 14 երկրից: Մեր հրաշալի գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի առատաձեռն հովանավորության շնորհիվ, օլիմպիադային մասնակցելու համար Երեւան ժամանելու հրավերը բավական գրավիչ առաջարկ է դառնում, իսկ իրադարձությունը` աշխարհում միկրոէլեկտրոնիկայի ոլորտի աննախադեպ միջոցառման է վերածվում»,-ասել է օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն եւ Սինոփսիս ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը: «Համաշխարհային հարգանք վայելող մասնագիտական ճարտարագիտական կազմակերպության՝  IEEE-ի կողմից օլիմպիադայի ճանաչումը վկայում է մրցույթի աճող միջազգային հեղինակության մասին: Սա շահավետ է նաեւ Հայաստանի համար, քանի որ այն բարձրացնում է Հայաստանի` որպես միկրոէլեկտրոնիկայի կրթության գերազանցության կենտրոնի վարկանիշը`  երկրին ամբողջ աշխարհում արժեքավոր համագործակցություններ ստեղծելու հնարավորություն ընձեռելով: Վստահ եմ, որ օլիմպիադայի շրջանակներում սկիզբ առած համագործակցությունն աննախադեպ եւ անկանխատեսելի ձեւով կփոխհատուցի Հայաստանի կազմակերպիչների ներդրած ջանքերը »:

Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային յոթերորդ օլիմպիադայի հաղթողներին մրցանակներ շնորհվեցին Սինոփսիսի մեծարման երեկոյի ընթացքում:
Հաղթողներն են`

•    1-ին մրցանակ՝  նոութբուք ՎիվաՍել-ՄՏՍ կողմից Թիանյու Մային (Չինաստան)
•    2-րդ մրցանակ` iPad Սինոփսիս Արմենիայի կողմից Մահմուդ Համդի Իբրահիմ Оուդային (Սաուդյան Արաբիա)
•    3-րդ մրցանակ՝ նեթբուք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից Վաչե Գալստյանին (Հայաստան)
•    3-րդ մրցանակ՝ նեթբուք Յունիքոմփ ՓԲԸ-ի կողմից Բենջամին Ալեքսանդր Լա Ռիվիերեին (ԱՄՆ)
•    Լավագույն ճարտարագիտական լուծման համար մրցանակ` Վիասֆեր տեխնոպարկի կողմից Վարդան Գրիգորյանցին (Հայաստանից)
•    Ամենայուրօրինակ լուծման համար մրցանակ` Մայքրոսոֆտ Արմենիայի կողմից Ռեզա Ասադփուրին (Մալազիա)
•    Ամենաստեղծագործ լուծման համար մրցանակ` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից Սամվել Անտանյանին (Հայաստան)
•    Լավագույն աղջիկ մասնակից` մրցանակ ՊԱՐՏՆՅՈՐ ՍՊԸ-ի կողմից Նելլի Խաչատրյանին (Հայաստան)
•    Ամենաերիտասարդ մասնակից` մրցանակ Արմինկո ՓԲԸ-ի կողմից Գրիգոր Հակոբյանին (Հայաստան)
•    Լավագույն արդյունք Գյումրուց՝ մրցանակ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության կողմից Խորեն Տիգրանյանին (Հայաստան)
•    Լավագույն արդյունք յուրաքանչյուր երկրից՝ մրցանակ օլիմպիադայի կազմկոմիտեի եւ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի  կողմից՝  Վիտալի Գավրիլյուկին (Բելառուս), Թիանյու Մային (Չինաստան), Արջուն Սինգալին (Գերմանիա), Նիխիլ Սուդհիր Ուպադհյային (Հնդկաստան), Անաս Մաջդի Դահաբրային (Հորդանան), Ռեզա Ասադփուրին (Մալազիա), Թայլան Դարիբաեւին (Ռուսաստան), Մահմուդ Համդի Իբրահիմ Оուդային (Սաուդյան Արաբիա), Հելենա Զդրավկովիչին (Սերբիա), Հեբատալլա Սալահ Աբդուլքարիմ Ա Ալհամադանիին (ՄԱԷ), Վոլոդիմիր Միզին (Ուկրաինա), Բենջամին Ալեքսանդր Լա Ռիվիերեին (ԱՄՆ):