07:45 | 29.09.12 | Նորություններ | 1547

Կայացավ TEDxYerevan 2012-ը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ երրորդ TEDxYerevan կոնֆերանսը:

Այս տարի կոնֆերանսի խորագիրն էր «Փոփոխությանն ընդառաջ»:

TEDxYerevan 2012-ը բեմ բարձրացրեց 15 բանախոսների, ովքեր կիսեցին փոփոխությանը վերաբերող իրենց փորձն ու մտքերը տարբեր հարթություններում`այդ թվում անձնական, ինստիտուցիոնալ, սոցիալական եւ ազգային: Միջոցառման ընթացքում մի շարք հեռանկարներ ընդգծվեցին` սկսած հանրային առողջության եւ անձնական կենսակերպի դաշտում փոփոխություն մտցնելուց մինչեւ կարծիքների եւ մտածողության բազմազանության կարեւորությունը:

Kanjoya ընկերության հիմնադիր եւ ղեկավար Արմեն Բերջիկլին ներկայացրեց իրավիճակ, երբ փոփոխություն կատարելու ընտրություն չկա: Իր մոտ ընկերներից մեկի առողջական ծանր ախտորոշումն իմանալուց հետո Բերջիկլին սկսեց ստեղծել առցանց համայնքներ, որոնք կոչված էին հետազոտության եւ համագործակցության շնորհիվ  պահպանել հույսը: Հիմա էլ նրա տարերքն է ստեղծել այնպիսի գործեր, որոնք կմիավորեն մարդկանց` բարելավելու միմյանց կյանքը, ինչպես նաեւ գտնել նոր ձեւեր` տեխնոլոգիաները հուզական իրազեկման հասցնելու համար:

SarkissianMason ընկերության հիմնադիր եւ ղեկավար Պատրիկ Սարգսյանը խոսեց այն մասին, թե ինչպես պետք է մարտահրավեր նետել ու նվաճել փոփոխությունը:

Սարգսյանը ցանկություն ունի վերստեղծել հայկական ինքնությունը եւ գտնել տեխնոլոգիաների միջոցով մարդկանց թրաֆիքինգը դադարեցնելու նորարար ձեւեր, ինչի համար 2012-ին հովանավորել է համաշխարհային մի դրամաշնորհ:

«Լույս» հիմնադրամի ղեկավար Ժաքլին Կարաասլանյանը օգնեց TEDx-ի մասնակիցներին կրթությունը կապել սոցիալական փոփոխության հետ: Կարաասլանյանը բացահայտեց փորձված ձեւեր, թե ինչպես պետք է ոգեւորել երիտասարդներին` մասնակցելու ապագայի կերտմանը:

TEDxYerevan 2012-ը բեմ բարձացրեց նաեւ Հայաստանում մինչեւ հիմա ամենաերիտասարդ TEDx խոսնակին` 16-ամյա Մարկ Փափազյանին, ով տարբեր երկրներում ու մշակույթներում ապրելու եւ ճամփորդելու իր փորձի հիման վրա խոսեց փոփոխության հեռանկարի մասին: Խոսնակներից Կարեն Հակոբյանը ներկայացրեց յուրաքանչյուր առավոտը դիմավորելու հետաքրքիր մի ձեւ, իսկ Էմիլ Ասլանյանը եւ Սիմա Քաննինգհեմը զարգացրեցին փոփոխության հասկացությունը արվեստի եւ ստեղծարարության տեսանկյունից: Նույն ոգով` ճանաչված լուսանկարիչ Արա Օշականը խորհեց ինքնության վավերագրական պատկերման շուրջ:

Ճարտարապետ Բեռնարդ Խուրին մասնակիցներին ծանոթացրեց խնդրահարույց միջավայրերում տեղ գտնող փոփոխություններին ու միջամտություններին: Նա խոսեց կոնֆլիկտային միջավայրերում փոփոխության հնարավորության մասին, եւ թե ինչպես է այն ազդում հասարակության վրա:

Մասնակիցները հնարավորություն ունեցան խորհել այն մասին, թե ինչպես է փոփոխությունը ազդում հայ հասարակության վրա` որպես գլոբալ համայնքի մի մաս: Հաջողակ ձեռնարկատեր Դեյվիդ Բեքեթը ներկայացրեց, թե ինչպես Հայաստանում բնակվող ակտիվ հաճախորդների հասարակությունը կարող է փոխել սպասարկման ոլորտը երկրում, իսկ Սամվել Մարտիրոսյանը քննարկեց այն հարցը, թե ինչպես է սերունդների տարբերությունը ազդել կրթության վրա: Կոնֆերանսն ամփոփվեց Սեւան Կաբակյանի` Հայաստանի մասին ոգեշնչող պատմվածքով:

Միջոցառմանն աջակցել են մի շարք կազմակերպություններ` այդ թվում պաշտոնական գործընկեր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Սինոփսիսը, Ստորակետ ճարտարապետական ստուդիան, ABBYY-ն, Այռեքս Հայաստանը, Mojo ըմպելիքները, Green Day օրգանական խանութը-ը, Inn Serenity յոգայի կենտրոնը, PanArmenian Photo-ն, JurJur ընկերությունը եւ ArmNews TV-ն: