04:40 | 29.09.12 | Նորություններ | 904

Apple-ը ներողություն է խնդրել իր քարտեզների համար

Երեւան/Մեդիամաքս/. Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը ընկերության կայքում հրապարակված նամակում ներողություն է խնդրել ընկերության քարտեզներում տեղ գտած անճշտությունների համար:

Apple-ի նոր քարտեզները խիստ դժգոհությունն են առաջացրել օգտագործողների շրջանում: Ընկերությունը հրաժարվել է իր սարքերում Google-ի քարտեզների օգտագործումից՝ հօգուտ սեփական քարտեզների: Այսուհետ IOS համակարգը մինչեւ IOS6 թարմացնողները եւ iPhone5 ձեռքբերողները իրենց սմարթֆոններում կունենան միայն Apple-ի քարտեզները:

«Մենք չափազանց ափսոսում ենք մեր հաճախորդներին պատճառած վրդովմունքի կապակցությամբ եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի բարելավենք քարտեզները:
Քանի դեռ մենք իրականացնում ենք քարտեզների բարելավման աշխատանքներ, դուք կարող եք փորձել այլընտրանքներ՝ բեռնելով քարտեզային հավելումներ App Store-ից, ինչպիսիք են Bing-ը, MapQuest-ը եւ Waze-ը կամ օգտագործել Google-ի կամ Nokia-ի քարտեզները՝ այցելելով այդ ընկերությունների վեբկայքեր», - գրում է Թիմ Քուքը:

Քարտեզներից բողոքների թվում են, մասնավորապես, որոշ քաղաքների բացակայությունը, մյուսների՝ սխալ տեղանքում հայտնվելը, որոշ տեղանքներ արբանյակային պատկերներում չեն երեւում ամպերի պատճառով, քարտեզներից բացակայում են բազմաթիվ օբյեկտներ, իսկ մյուսները հայտնվում են սխալ տեղերում:

Քարտեզներում տեղ գտած մի շարք անճշտություններ հրապարակել է այս բլոգը: