09:02 | 25.09.12 | Նորություններ | 2854

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կվերազինի մի շարք մարզային ծննդատներ

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ն ազդարարել է BirthLink ՀԿ-ի հետ համագործակցությամբ` նորածնային խնամքի երկարաժամկետ ծրագրի հերթական փուլի մեկնարկը:
 
Հայաստանի տարբեր մարզերի ծննդատներն անհրաժեշտ բուժսարքավորումներով համալրելու ծրագիրն այս անգամ իրականացվելու է Տավուշում (Ճամբարակ, Իջեւան, Նոյեմբերյան, Դիլիջան), Գեղարքունիքում (Գավառ, Վարդենիս), Լոռիում (Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր) եւ մայրաքաղաքի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում:
 
Հիշատակված մարզերի ծննդատները կհամալրվեն վերակենդանացման ջերմահաղորդիչ սեղանիկներով, տաքացվող ներքնակներով, պուլսօքսիմետրերով, ֆոտոթերապիայի լամպով, թթվածնային շարժական բալոնով, օդափոխման համակարգով, hրատապ իրավիճակների համար նախատեսված պայուսակներով, ներարկման մխոցներով, արտածծիչներով եւ պղպջակային SPAP-ներով:
 
«Արդեն հինգ տարի մեր ուշադրության կենտրոնում է մի ծրագիր, որի երկարաժամկետ արդյունքը մասնագետների գնահատմամբ  տեսանալի է Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշի կրճատված վիճակագրությամբ: Մեզ հաջողվել է տարբեր մարզերի ծննդատներն ապահովել վերակենդանացման ինտենսիվ համակարգով եւ բուժաշխատողներին օգնել` հիվանդությունների դեմ պայքարում խոցելի այս խմբին փրկելու հարցում: Մենք չենք կարող լինել դիտորդի դերում: Նորածինների կյանքին սպառնացող պոտենցիալ վտանգը պարտավորեցնում է լինել նախաձեռնող»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Ընկերության հավաստմամբ, մասնագետներն արձանագրում են, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «BirthLink» ՀԿ-ի համագործակցության արդյունքում Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կրճատվել է մոտ 11%-ով: