06:24 | 14.09.12 | Նորություններ | 4199

    ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում վաճառքի է հանվել «ABBYY Lingvo x5 հայերեն»-ը

    Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում վաճառքի է հանվել «ABBYY Lingvo x5 հայերեն»-ը:

    Ինչպես հաղորդում է  Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը:

    Երկու ընկերությունների համագործակցության արդյունքում «ABBYY Lingvo x5» էլեկտրոնային բառարանը համալրվել է հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն, ինչպես նաև հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններով, որոնք արտահայտում են այդ լեզուների ժամանակակից օգտագործման հիմնական նրբությունները:

    «Բառարանն ունի բավական հարուստ բառապաշար, որի շնորհիվ հայախոսները նույնպես կկարողանան այս էլեկտրոնային բառարանի միջոցով ուսումնասիրել օտար լեզուներ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

    Բառարանը հարմար է հատկապես եվրոպական լեզուներ` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, հունարեն և ֆիններեն, ուսումնասիրողների համար:

    ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը կարեւորել  է այն փաստը, որ Լինգվո ծրագիրը «հասկանում է» հայերեն: Բառարանը նախատեսված է Windows-ի համար:

    Վաճառքի պաշտոնական մեկնարկի օրվանից սկսած` մեկ տարվա ընթացքում «ABBYY Lingvo x5 հայերեն» DVD սկավառակը վաճառվելու է բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մի շարք սպասարկման կենտրոններում:

    «ABBYY Lingvo x5 հայերեն»-ի ընդհանուր բառերի քանակը 5 մլն 560 հազար է, արժեքը կազմում է 17 000 դրամ: