00:50 | 13.09.12 | Նորություններ | 1003

iPhone 5. Ավելի բարակ, թեթեւ եւ արագագործ

Երեւան/Մեդիամաքս/. Apple ընկերությունը Սան-Ֆրանցիսկոյում ներկայացրել է նոր iPhone 5-ը:

Նոր սարքը ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուքը, գրում է BBC-ն:

iPhone 5-ի գլխավոր առանձնահատկությունը LTE (4G) ցանցի հետ համատեղելիությունն է, ինչի շնորհիվ տվյալների փոխանակումը, նախագծողների հավաստմամբ, կհասնի 100 մբիթ/վ-ի:



Սմարթֆոնն ավանդաբար 2՝ սպիտակ եւ սեւ գունային լուծումներով է, իր նախորդից ավելի բարակ է (7,6 մմ), ավելի թեթեւ (112 գրամ) եւ ունի ավելի մեծ դիսփլեյ (4 դյույմ, 1136 x 640 պիքսել), կորպուսն ամբողջությամբ ալյումինապատ է:

Սմարթֆոնն օժտված է A6 պրոցեսորով, ինչը, Թիմ Քուքի հավաստմամբ, դարձնում է այն նախորդից կրկնակի անգամ արագագործ: Սարքի մարտկոցն արագագործ ցանցերում աշխատում է 8 ժամ:

Գադջեթն ունի 8 մեգապիքսելանոց iSight ֆոտո- վիդեոխցիկ, 8 միկրոֆոն, ավելի հստակ ձայնային հնարավորություններով դինամիկ:

Իր նոր սարքում Apple-ը հրաժարվել է Google-ի քարտեզներից եւ ներդրել է իր սեփական արտադրության եռաչափ քարտեզները:                  

ԱՄՆ-ում Apple-ը կվաճառի iPhone 5-ը բջջային օպերատորների հետ պայմանագրերով, ինչի շնորհիվ 16 գբ հիշողությամբ մոդելը կարժենա $199,  32 գբ-անոցը՝ $299, 64 գբ-անոցը՝ $399:

Նոր սմարթֆոն ձեռքբերելու հայտերը ընդունվում են սեպտեմբերի 14-ից, իսկ վաճառքները մեկնարկում են սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Հոնգկոնգում եւ Սինգապուրում: Դեկտեմբերից սմարթֆոնի վաճառքները կսկսվեն եւս 100 երկրներում: