17:16 | 28.08.12 | Նորություններ | 3549
Երեւան/Մեդիամաքս/. «Օրանժ - Ֆրանս տելեկոմ» ընկերության փոխնախագահ Բընուա Շինը այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է ներկայացրել “Օրանժ Արմենիա” ընկերության նոր գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիտբերիին, ով այդ պաշտոնում փոխարինելու է իր գործունեությունն ավարտող Բրունո Դյութուային:
Տիգրան Սարգսյանը «Օրանժ Արմենիա» ընկերության նոր ղեկավարին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ եւ շնորհակալություն հայտնել Բրունո Դյութուային` Հայաստանում կատարած աշխատանքի համար:
Վարչապետը հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանում Օրանժի ներկայությունից շահում են ՀՀ քաղաքացիները:
«Օրանժը տեղեկատվական հաղորդակցության դաշտում ավելացրեց մրցակցությունը, բարձրացրեց մատուցվող ծառայությունների որակը եւ դրանց հասանելիության աստիճանը, ինչից, բնականաբար, շահեցին մեր քաղաքացիները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Բընուա Շինն էլ իր հերթին ասել է, որ Օրանժը պատրաստակամ է հետագայում եւս շարունակել ներդրումները Հայաստանում, ինչպես նաեւ ավելացնել մատուցվող բարձր մակարդակի ծառայությունների քանակը: