11:31 | 23.08.12 | Նորություններ | 695

ԱՄՆ-ում փորձարկվում են «շփվող» ավտոմեքենաներ

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիկյան Միչիգան նահանգում հարյուրավոր մեքենաներ զինվել են հատուկ սարքերով, որոնք թույլ են տալիս նրանց «շփվել» միմյանց հետ եւ նախազգուշացնել վարորդներին հնարավոր վթարներից:

Նախաձեռնությունը ԱՄՆ տրանսպորտի նախարարությանն է, որն այս կերպ ձգտում է նվազեցնել ճանապարհային պատահարների թիվը, գրում է Բի-Բի-Սի-ն:

Շուրջ 500 բեռնատար մեքենաներ եւ ավտոբուսներ արդեն զինվել են սարքերով, որոնց աշխատանքը հիշեցնում է WiFi տեխնոլոգիայով ինտերնետ-կապը: Հոկտեմբերին այսպիսի «չաթ»-երով կհագեցվեն արդեն շուրջ 3000 մեքենաներ:

Սարքերի միջոցով վարորդները կնախազգուշացվեն այն դեպքերում, եթե նրանց սպառնում է բախում խաչմերուկում, երբ նրանք դեռ չեն տեսնում այլ փողոցից եկող մեքենային, եթե այլ մեքենան փոխում է գիծը «մեռյալ գոտում» եւ եթե դիմացի ավտոմեքենան կտրուկ արգելակում է:

Եթե նախագիծն իրեն արդարացնի, սարքերի տեղադրումը պարտադիր կդառնա ԱՄՆ-ում: