16:19 | 20.08.12 | Նորություններ | 982

Հայաստանում կանցկացվի «StartUp Cup» բիզնես-մոդելների մրցույթ

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի StartUp Cup (Ստարտափների առաջնություն) բիզնես-մոդելների մրցույթ:
 
StartUp Cup-ը բիզնես-մոդելների միջազգային մրցույթ է, որը մշակվել է սաղմնային փուլում գտնվող ձեռներեցական ծրագրերին համայնքային մակարդակով երկարաժամկետ աջակցություն տրամադրելու նպատակով:

Ստարտափների առաջնությունը նոր բիզնես-մոդելների մշակման միջազգային մրցույթ է, որը հիմնվում է նախաձեռնողական եւ տեղի ներուժի օգտագործման սկզբունքների վրա` թույլ տալով մրցույթին ներկայացնել ցանկացած բիզնես-գաղափար: Մրցույթի ընթացքում մասնակից ձեռներեցներին կուսուցանեն, խորհրդատվություն կտրամադրեն եւ կուղղորդեն տեղի շուկայում թրծված փորձառու մասնագետները:

«Սա ձեռներեցական միջավայր ձեւավորելու փորձված եւ գործուն մոդել է: Ավելին, նախագծի առավելությունը աշխարհի տարբեր երկրներում անցկացվող Ստարտափների առաջնությունների կազմակերպիչների հետ կապ հաստատելու հնարավորությունն է», - նշել է ծրագրի կազմակերպիչ Հայկ Ասրիյանցը:

«Մենք շատ ոգեւորված ենք, որ Հայաստանը միացել է StartUp Cup նախագծին: StartUp Cup-ը նպատակ չունի լինել զուտ ստարտափների ստեղծման ջատագով: Մեր նպատակն է առաջ ընկնել գաղափարներ գեներացնող ծրագրերից` կենտրոնանալով այն գործընթացների վրա, որոնք անհրաժեշտ են այնպիսի բիզնես նախագծելու եւ կառուցելու համար, որն ընդունակ է գոյատեւել երկար ժամանակ», - նշել է StartUp Cup-ի գլխավոր գործադիր տնօրեն Շոն Գրիֆինը

Հայաստանի ստարտափների առաջնության համակազմակերպիչն է Նորաստեղծ տեխնոլոգիական ձեռնարկությունների ասոցիացիան, նախաձեռնությանը աջակցում են նաեւ Ձեռնարկատիրությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ Ձեռնարկատիրութան եւ
կառավարման զարգացման կենտրոնը:

Մրցութային նախագծերը կարելի է ուղղարկել armenia.startupcup.com կայքից մինչեւ սեպտեմբերի 7-ը, ժամը 23:59-ը:

Ձեռներեցները, ովքեր մասնակցում են Հայաստանի ստարտափների առաջնություն բիզնես-մոդելի մրցույթին կկազմեն կենսունակ բիզնես-մոդելներ, կձեւավորեն հաճախորդների շրջանակ եւ կխթանեն իրենց ստարտափները դեպի շուկա` ժյուրիի եւ փորձառու մասնագետների հետ քառամսյա աշխատանքից հետո: Հաղթողները կհայտարարվեն նոյեմբերին՝ Գլոբալ ձեռնարկատիրական շաբաթվա ընթացքում կայանալիք մրցանակաբաշխությանը: