15:11 | 10.08.12 | Նորություններ | 1084

Pinterest սոցցանցը բացվել է ազատ գրանցման համար

Երեւան/Մեդիամաքս/. Պատկերների տարածման վրա հիմնված Pinterest.com սոցցանցը բացվել է ազատ գրանցման համար. նախկինում կայքում հնարավոր էր գրանցվել միայն օգտագործողների կողմից հրավիրվածներին:

2010-ին ստեղծված կայքը դարձել է ինտերնետի պատմությունում ամենաարագ աճող վեբ-ռեսուրսը, որի այցելուների թիվը 9 ամսում հատեց 10 մլն-ի սահմանը, գրում է Բի-Բի-Սի-ն:

Կայքը հնարավորություն է տալիս օգտագործողներին տարատեսակ թեմատիկաներով պատկերներ տեղադրել կամ փին (pin) անել վիրտուալ հարթակների (board) վրա, վերաթողարկել կամ «repin» անել ուրիշների տեղադրած պատկերները, մեկնաբանել դրանք եւ այլն:

2012-ի սկզբից օրեկան ավելի քան 30 մլն այցելություններով Pinterest-ը Ֆեյսբուքից ու Թվիթերից հետո ԱՄՆ երրորդ խոշորագույն սոցցանցն է: Ընթացիկ տարվա մայիսին Pinterest-ի մասնաբաժինը $100 մլն-ով վաճառվել է ճապոնական Rakuten ընկերությանը եւ 3 վենչուրային հիմնադրամների, իսկ ընկերության ընդհանուր արժեքը գնահատվել է $1.5 մլրդ:

Ուշագրավ է, որ կայքը դեռեւս եկամուտ չի գեներացնում:
 
Pinterest-ն ակտիվ օգտագործողներ ունի նաեւ Հայաստանում, ինչի մասին, մասնավորապես, վկայում են կայքում առկա Armenia անվանումներով պատկերների հարթակներ: