11:57 | 01.08.12 | Նորություններ | 1330

Մայքրոսոֆթի Hotmail-ը փոխարինվում է Outlook.com-ով

Երեւան/Մեդիամաքս/. Մայքրոսոֆթը վերափոխում է իր Hotmail վեբ-փոստային ծառայությունը՝ անվանափոխելով այն Outlook.com-ի, հայտնում է ընկերույթունն իր բլոգում:

Նորացված ծառայությունը, որը հասանելի է դեռեւս միայն նախադիտման (preview) տարբերակով, ինքնուրույն կդասակարգի ստացվող հաղորդագրությունները եւ թույլ կտա օգտատերերին փոստարկղից զանգեր կատարել Skype-ով:

Ընկերությունը նշում է, որ շատ դեպքերում էլկտրոնային փոստարկղի հետ աշխատանքը ձանձրալի գործընթաց է դառնում, քանի որ դրանք գերբեռնված են լինում հաղորդագրություններով:

Նոր ծառայությունը կդասակարգի հաղորդագրությունները՝ տարանջատելով իրարից կոնտակտներից ստացված նամակները, բաժանորդագրությունները, սոցցանցերից ստացվող նորությունները եւ այլն:

Outlook-ը նաեւ ինտեգրվելու է այն ինտերնետ-ծառայությունների հետ, որոնց բաժանորդագրված է օգտատերը:

«Մենք առաջարկում ենք ձեզ առաջին էլ. փոստային ծառայությունը, որը միացված է Facebook-ին, Twitter-ին, Linkedin-ին, Google-ին եւ Skype-ին՝ տալով ձեր փոստարկղին ձեզ համար կարեւոր համատեքստ: Outlook.com-ի ինբոքսում դուք ստանում եք ձեր անձնական նամակները, ձեր ընկերների նկարները եւ թվիթերը եւ ստատուսները, որոնցով նրանք կիսվում են ձեզ հետ, դուք կկարողանաք չաթի կամ վիդեոզանգի օգնությամբ շփվել նրանց հետ անմիջապես էլեկտրոնային փոստարկղից, օգտվելով մշտապես թարմացվող “կոնտակտ լիսթ”-ից, որը միացված է սոցցանցում ձեր աքաունթին»,- գրված է բլոգում: 

Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ ընկերությունը, ի տարբերություն Google-ի, չի վերլուծելու օգտագործողների ուղարկած եւ ստացած նամակների պարունակությունը՝ այն գովազդատուներին եւ այլոց վաճառելու համար:

Նոր էլ. փոստարկղում Google Docs-ի անալոգիայով ինտեգրված են լինելու նաեւ ընկերության Office փաթեթի հավելումները:

Outlook.com-ը միացված է նաեւ Մայքրոսոֆթի Skydrive ամպային սերվերին, ինչը թույլ կտա օգտագործողներին կցել նկարներ եւ այլ ֆայլեր՝ առանց չափսի սահմանափակման: