13:47 | 31.07.12 | Նորություններ | 1127

«Կոտրած» վճարովի vs անվճար. ո՞ր սոֆթն ընտրել

Երեւան/Մեդիամաքս/. Նորություն չէ, որ Հայաստանում համակարգչից օգտվողների բացարձակ մեծամասնությունն իր առօրյա աշխատանքում օգտագործում է չլիցենզավորված կամ «կոտրած» ծրագրային ապահովում:

Պարզելու համար, թե ինչպես է իրեն «զգում» այդպիսի ճանապարհով տեղադրված ծրագրային ապահովումը լիցենզավորված օպերացիոն համակարգով աշխատող համակարչի վրա, Մեդիամաքսի թղթակիցը լիցենզավորված Windows 7 օպերացիոն համակարգով աշխատող լափթոփում տեղադրել է մի շարք լայն կիրառում ունեցող ծրագրային գործիքներ, ինչպիսիք են «Microsoft Office»-ը, «Nero»-ն, «Abbyy Lingvo»-ն «Adobe Photoshop»-ը եւ այլն՝ ինտերնետից բեռնված տարատեսակ Keygen-ների, Patch-երի եւ սերիալ համարների օգնությամբ:

Փորձը ցույց տվեց, որ դեպքերի մեծամասնությունում անգամ օրիգինալ եւ մշտապես թարմացվող օպերացիոն համակարգը թույլ է տալիս այս ծրագրերին բնականոն աշխատել, անգամ թարմացումներ բեռնել:

Այս պարագայում հարց է ծագում. ի՞նչը պետք է խրախուսի օգտագործողին հրաժարվել «կոտրած» ծրագրային ապահովումից, ավելին՝ վճարել լիցենզիայի դիմաց:

Պարզաբանումների համար զրուցեցինք տեղեկատվական անվտանգության փորձագետ, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանի հետ, որի համոզմամբ, «կոտրած» ծրագրային ապահովումը սպառնում է համակարգչի անվտանգությանը:

\"\"
Սամվել Գեւորգյանի արխիվից

«Անվտանգության խնդիրերն առաջանում են, երբ մարդիկ ճանապարհներ են փնտրում ծրագրի լիցենզիան անվճար ձեռք բերելու նպատակով:

Դրա համար նրանք ունեն ընդամենը 5 տարբերակ.
1.    Ինքնուրույն կոտրել ծրագիրը, ինչը բավական գիտելիքներ է պահանջում եւ ժամանակատար է;
2.    Օգտվել ընկերներից կամ բաց ցանցում բարի մարդկանց կողմից տրամադրված լիցենզիոն համարներից, որոնք կլինեն բաց տեքստի տեսքով;
3.    Ներբեռնել որեւէ անհայտ մեկի կողմից կոտրված ոչ օրիգինալ ծրագիր;
4.    Օգտագործել ծրագրի համար պատրաստված Փաթչից (Patch), որը կկոտրի այն նրանց փոխարեն;
5.    Օգտագործել KeyGen, որը կարողանում է գեներացնել ծրագրի լիցենզիոն համարներ:

“Առաջին երկու տարբերակներում խնդիրը միայն ծրագրի արտադրողինն է, իսկ մյուս երեքն օգտվողի համար արդեն կարող են ստեղծել իսկական գլխացավանք` վարակելով նրանց համակարգիչները”,- ասում է փորձագետը:

Սամվել Գեւորգյանի խոսքով, վարակված համակարգիչները կարող են շարքից հանել ոչ միայն բուն օգտագործողի, այլեւ ուրիշ համակարգիչներ, գողանալ բանկային հաշվեհամարների տվյալներ, գաղտնաբառեր եւ ցանկացած ժամանակ օգտագործվել ռազմավարական նշանակություն ունեցող որեւէ պետական սերվերի վրա հարձակվելու եւ այն շարքից հանելու նպատակով:

Այս առումով, ինչպես նշում է Սամվել Գեւորգյանը, KeyGen-ների, Patch-երի եւ ոչ օրիգինալ ծրագրերի օգտագործումն իրական վտանգ է ներկայացնում:

\"\"

«Դատելով Հայաստանում ներկայացչություն ունեցող ծրագիր արտադրող բազմաթիվ  կազմակերպությունների կողմից տրամադրված տվյալներից՝ կարող եմ ասել, որ իրավիճակն այստեղ ճգնաժամային է: Մայքրոսոֆթ-ի հայաստանյան գրասենյակի տվյալներով, այստեղ ոչ օրիգինալ Windows-ի օգտագործման ցուցանիշն գերազանցում է 80%-ը»,- ասում է Սամվել Գեւորգյանը:

Գիտակցելով, որ օգտագործողների մեծամասնությունն այդուհանդերձ չի ցանկանա վճարել ծրագրային ապահովման դիմաց, Սամվել Գեւորգյանը խորհուրդ է տալիս նրանց օգտվել այնպիսի սոֆթից, որն անձնական օգտագործման համար տարածվում է անվճար: Այդպիսիք են Open Office-ը, Comodo հակավիրուսը եւ այլն: