11:07 | 24.07.12 | Նորություններ | 1073

DoIt!Lab` ինչպիսի՞ն կլինի առաջին երեւանյան հեքսփեյսը

Երեւան: Մեդիամաքս: Երեւանում պլանավորվում է ստեղծել հեքսփեյս, որի նպատակն է խթանել Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը եւ startup ընկերությունների ստեղծմանը:

Արդեն գործում է երեւանյան հեքսփեյսի պաշտոնական կայքը http://doitlab.org/: 

Hackerspace-ը (այսուհետ՝ հեքսփեյս) հատուկ տարածք է, որտեղ թիմերը կամ անհատները կարող են գալ եւ աշխատել իրենց նախագծերի վրա: Սովորաբար տարածքն ապահովված է լինում առաջին անհրաժեշտության բոլոր պարագաներով՝ ինտերնետային կապով, կահույքով եւ այլն:

Հեքսփեյսերը լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում: Որոշ երկրներում դրանք ինժեներական բնույթի են, որոշ երկրներում ծրագրավորողների հարթակներ են, մեկ ուրիշ տեղ գործում է խառը տարբերակը՝ հավաքվում են բոլոր ցանկացողները:

DoIt!Lab-ի՝ երեւանյան հեքսփեյսի գաղափարը պատկանում է Վարդան Գրիգորյանին, ով հանդիսանում է GDG Armenia խմբի համակարգողներից մեկը ու հենց աշխարհի տարբեր քաղաքների ծրագրավորողների հետ շփվելուց էլ տեղեկացել է հեքսփեյսների մասին եւ հանձն առել երեւանյան հեքսփեյսի ստեղծումը:

DoIt!Lab-ի ստեղծման գործընթացը մշակման փուլում է: Դրա անվճար կամ վճարովի լինելու տարբերակներն ուսումնասիրվում են:

«Անվճար լինելու դեպքում կլինեն շատ այցելուներ, որոնց աշխատանքի արդյունավետության վերահսկումը գրեթե անհնար կլինի, իսկ վճարովի լինելու դեպքում կգան համեմատաբար քիչ, բայց հստակ հետաքրքրված մարդիկ», - Մեդիամաքս-ին ասել է Վարդան Գրիգորյանը:

Նա նշել է, որ որոշում կայացնելու գործում յուրաքանչյուրի կարծիքը կարեւոր է եւ կոչ է արել այցելել քվեարկության էջ եւ օգնել կազմակերպիչներին որոշման կայացման հարցում:

Վարդան Գրիգորյանն ասել է նաեւ, որ նախագծի իրագործմանն ուղղված ցանկացած տեսակի օգնություն, խորհուրդ եւ առաջարկություն շնորհակալությամբ կընդունվի հեղինակների կողմից: Նրանց հետ կարելի է կապ հաստատել http://doitlab.org/ կայքի միջոցով:

Հեքսփեյս գաղափարի մասին կարող եք կարդալ hackerspaces.org կայքում:

Նշենք, որ ս.թ. ապրիլի 27-ից 29-ը Ծաղկաձորում կայացավ gt hackathon Armenia 2012-ը, որը կազմակերպվել էր GDG Armenia-ի եւ Մեդիամաքս մեդիա ընկերության համատեղ ջանքերով: