09:34 | 07.06.12 | Նորություններ | 3217

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսեց օգտագործել IPv6 ինտերնետ արձանագրությունը

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը միացել է ինտերնետային ծառայությունների առաջատար մատակարարների, ցանցային սարքավորումներ արտադրողների ու ցանցային ընկերությունների նախաձեռնությանը` հունիսի 6-ից սկսելով օգտագործել IPv6 ինտերնետ արձանագրությունը:

Բոլոր վեբ եւ փոստային ծառայությունները այսուհետ մշտապես հասանելի կլինեն ինչպես IPv4, այնպես էլ IPv6 արձանագրություններով:

IPv6 ինտերնետ արձանագրության գործարկման միջազգային նախաձեռնությունը համացանցի պատմության մեջ ամենամասշտաբային սերնդափոխությունն է: Քայլը առանցքային նշանակություն կունենա համացանցի զարգացման ոլորտում:

1981-ից գործող IPv4 ինտերնետ արձանագրությունն այլեւս չի համապատասխանում մերօրյա պահանջներին, քանի որ IPv4 արձանագրության հասցեներն արդեն սպառված են: Ինտերնետի արագ աճին զուգընթաց ի հայտ են եկել նոր` IPv6, ինտերնետ արձանագրության ստեղծման անհրաժեշտությունը, որն ընձեռում է ավելի շատ IP հասցեներ տրամադրելու եւ հետեւաբար` համացանցին ավելի շատ թվով սարքեր միացնելու հնարավորություն:

Ի տարբերություն IPv4-ի, IPv6-ի կարեւորագույն առանձնահատկություններից է հասցեների առավել ընդլայնված տարածքը: Մասնավորապես`IPv4 ինտերնետ արձանագրությունն օգտագործում է հասցեների 32-բիթանոց ձեւաչափ, կամ, այլ կերպ ասած` ապահովում է ավելի քան 4 մլրդ եզակի IP հասցե, իսկ 1995թ.-ից` IPv4 արձանագրությանը զուգահեռ գործող IPv6 արձանագրությունն օգտագործում է հասցեների 128-բիթանոց ձեւաչափ եւ համապատասխանաբար` ապահովում է 340 տրլն եզակի հասցե: 

IPv6-ի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված էր ավելի մեծ թվով անհատական IP հասցեներ ապահովելու անհրաժեշտությամբ` հաշվի առնելով ինտերնետին միացման համար օգտագործվող սարքերի` անհատական համակարգիչների, բջջային հեռախոսների եւ բազմապիսի այլ սարքերի օրեցօր աճող թիվը:

Բջջային հաղորդակցության շուկայում առաջատարի ղեկը ստանձնած ՎիվաՍել-ՄՏՍ-ը տվյալների փոխանակման ծավալների շարունակական աճ է արձանագրում, եւ մեծ կարեւորություն է տալիս IPv6 ինտերնետ արձանագրության ներդրմանը:
IPv6-ը հասանելի կլինի ավտոմատ կերպով` IPv4-ին զուգահեռ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջը` www.vivacell.am  աշխատում է թե՛ IPv4 եւ թե՛ IPv6 ինտերնետ արձանագրություններով: