18:32 | 24.05.12 | Նորություններ | 798

BBC: Համակարգչային հանցագործի դատավարությունը նվաճում է Հայաստանի համար

Երեւան/Մեդիամաքս/. Բրիտանական BBC-ի փոխանցմամբ, 27-ամյա հաքեր Գեորգի Ավանեսովի դատավարությունը «նվաճում է Հայաստանի համար, որն առաջին անգամ դատապարտում է համակարգչային հանցագործի»:

Ռուսաստանի քաղաքացի, հայազգի Ավանեսովը ձերբակալվել է Երեւանի Զվարթնոց օդանավակայանում 2010-ին եւ օրերս Երեւանում դատապարտվել 4 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով ավելի քան 30 մլն համակարգիչների նկատմամբ հսկողություն սահմանելու եւ դրանց միջոցով սփամ տարածելու համար:

Ավանեսովի կողմից ստեղծված Bredolab “կոտրած” (hijacked) համակարգիչների ցանցը կամ բոթնեթը օրական տարածում էր ավելի քան 3 մլրդ սփամ նամակներ: Համակարգն կիրառվում էր եւս 2 համակարգչահենների կողմից, որոնք դրա միջոցով տարածում էին սփամ եւ վիրուսներ, ինչպես նաեւ հարձակումներ էին իրականացնում վեբկայքերի վրա:

Համակարգն իր ստեղծողի համար ենթադրաբար գեներացնում էր ամսական շուրջ €100 000-ի եկամուտ:

2010-ի հոկտեմբերին հոլանդական ոստիկանությանը հաջողվեց վերահսկողություն հաստատել ցանցի նկատմամբ, ինչից հետո սկսվեց այն ստեղծողի հայտնաբերման գործընթացը: Գեորգի Ավանեսովը փորձեց խափանել հետաքննությունը՝ վեբ- հարձակում գործադրելով ոստիկանության վրա, բայց բոտնետի նկատմամբ հսկողությունը վերահաստատելու փորձը չհաջողվեց, իսկ քիչ անց Ավանեսովը ձերբակալվեց Հայաստանի ոստիկանության կողմից: