12:24 | 15.05.12 | Նորություններ | exclusive 2362
Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. I եռամսյակում Հայաստանի 3 բջջային օպերատորները 5,418 մլրդ դրամի հարկ են վճարել, ինչը 1.445 մլրդ-ով կամ 21%-ով պակաս է 2011թ. նույն ցուցանիշից:
Ընդ որում, 2011թ. I եռամսյակի համեմատ ԱրմենՏել-ի (ապրանքանիշը՝ Beeline) եւ Օրանժ Արմենիայի վճարված հարկերը նվազել են, համապատասխանաբար, 35%-ով եւ 50%-ով, մինչդեռ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից վճարված հարկերն I եռամսյակում աճել են 12%-ով:
Մեկնաբանելով I եռամսյակում վճարված հարկերի կիսով չափ կրճատումը` Օրանժ Արմենիա-ի մամուլի քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանն ասել է, որ 2010-11-ը բջջային ցանցի կառուցման ակտիվ շրջան էր, եւ ընկերությունը մեծածավալ ներկրումներ էր իրականացնում: Երկրորդ հիմնական պատճառը, ըստ Լիլիթ Մարտիրոսյանի, Օրանժ Արմենիա-ի բաժանորդների աճի տեմպերի նվազումն է, որը բերել է ընկերության եկամուտների աճի դանդաղեցման:
ԱրմենՏել-ի մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանն ասել է, որ առաջին եռամսյակում վճարված հարկերի 35% նվազումը կապված է ընկերության ներդրումային ռազմավարության փոփոխության հետ: «Մենք սկսել ենք համադրել մեր ներդրումային ծախսերը բաժանորդների սեզոնային ակտիվության հետ՝ տեղափոխելով գնումների եւ մարքեթինգի վրա ուղղվող մեր ծախսերի գերակշիռ մասը գարնան, ամռան եւ աշնան վրա», - ասել է Անուշ Բեղլոյանը:
Որպես ասվածի ապացույց նա նշել է, որ արդեն ապրիլին ընկերությունը վճարել է 1,7 մլրդ դրամի հարկեր, ինչի արդյունքում 2012-ի հունվար-ապրիլին վճարված հարկերը գրեթե հավասարվել են 2011թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշին: