15:03 | 03.05.12 | Նորություններ | 1160

Հայաստանի եւ Արցախի աշակերտները կսկսեն ծրագրավորել դպրոցից

Երեւան: Մեդիամաքս:Հայաստանի եւ Արցախի 20 դպրոցների աշակերտներն այս տարվա սեպտեմբերից կսկսեն աշխատել «Լոգո միկրոաշխարհներ» ծրագրավորման միջավայրում, որտեղ նրանք, հայերեն հրահանգներ օգտագործելով, կկարողանան մոդելավորել խաղեր ու ծրագրեր, լուծել խնդիրներ եւ այլն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, 20 դպրոցների տնօրեններ այսօր Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից ստացան «Լոգո միկրոաշխարհներ» առաջին հայալեզու համակարգչային ծրագրավորման միջավայրի լիցենզավորված փաթեթներ:

Ծրագիրը նախարարության հետ համատեղ նախաձեռնել է “Քվանտ” վարժարանը, որի աշակերտներն արդեն աշխատում են «Լոգո միկրոաշխարհներ» միջավայրում: Մինչեւ 2014թ. այն նախատեսվում է ներդնել Հայաստանի եւ Արցախի բոլոր դպրոցներում, ինչպես նաեւ տարածել սփյուռքում:

Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ծրագրային փաթեթներ ստացած դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչներն անցել են համապատասխան վերապատրաստում եւ կսկսեն սեպտեմբերից դասավանդել ծրագրավորման այս միջավայրի կիրառմամբ:

Ծրագրի պիլոտային փուլում ընդգրկվել են այն դպրոցները, որոնք գտել են հովանավորներ կանադական LCSI կազմակերպությունից ծրագրի լիցենզիայի գնման համար, որն ամեն դպրոցի համար արժեր $1750: Կրթության եւ գիտության նախարարը կոչ է արել գործարարներին իրենց ներդրումն ունենալ ծրագրում եւ աջակցել դպրոցներին՝ տվյալ լիցենզիաների ձեռքբերման գործում:

«Լոգո միկրոաշխարհներ» համակարգչային ծրագրավորման միջավայրը հատուկ հարմարեցված է դպրոցականների համար եւ ինֆորմատիկայից բացի այն հարմար է օգտագործել նաեւ այլ առարկաների, այդ թվում՝ մաթեմատիայի, ֆիզիկայի, քիմիայի եւ կենսաբանության դասավանդման ժամանակ: Միջավայրը մշակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: «Լոգո» լեզուն, որով ծրագրավորում են այս միջավայրում, մոտ է խոսակցականին եւ ունի պարզ քերականություն:

Ծրագրի եւ նրան աջակցելու վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են «Լոգո միկրոաշխարհներ» համակարգչային ուսուցողական միջավայրը Հայաստանի եւ Սփյուռքի դպրոցների համար» ծրագրի կառավարման խորհրդի վեբկայքում: