Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան
10:29 | 21.04.12 | Նորություններ | 2199
Երեւան/Մեդիամաքս/. Լրացավ Հայաստանում Orange Հիմնադրամի գործունեության մեկ տարին:
«Ես հպարտ եմ, որ Orange-ը նոր մոտեցում է բերում նաև կորպորատիվ բարեգործության ոլորտ` Հայաստանում խթանելով մեծ ընկերությունների կողմից կորպորատիվ հիմնադրամներ ստեղծելու մշակույթը, որը թույլ կտա այս ոլորտը նույնպես դարձնել համակարգված, հասարակության իրական կարիքներին արձագանքող և թափանցիկ: Հիմնադրամի մեկամյակը առիթ է` ևս մեկ անգամ հաստատելու մեր ցանկությունն ու պատրաստակամությունը կատարել ներդրումներ` ուղղված սոցիալական ծրագրերի աջակցմանն ու իրականացմանը և նայել ավելի հեռուն, քան պարզապես բիզնեսը», - ասաց Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Orange Հիմնադրամի հիմնական առաքելությունն է օգնել մարդկանց ավելի լավ ու հեշտ հաղորդակցվել, մասնավորապես նրանց, ովքեր հաշմանդամության, ոչ լիարժեք կրթության կամ մշակույթին հասանելիություն չունենալու պատճառով մեկուսացած են շրջապատող աշխարհից: Ուրախ եմ փաստել մեկ տարում կատարված աշխատանքը և այն աջակցությունը, որ հիմնադրամը կարողանում է իր մեծ ու փոքր ծրագրերով ցուցաբերել երկրին` մասնավորապես հեռավոր և խոցելի համայնքներին, հաղորդակցության խնդիրներ ունեցող անձանց, ուսանողներին», ասաց Ֆրանս Տելեկոմ Orange-ի Հաղորդակցության և բարեգործության գծով փոխտնօրեն Քրիստին Ալբանելը:
Orange Հիմնադրամի աշխատանքի սկզբունքն է հենվել երկարաժամկետ գործընկերության վրա, ինչպես նաև` մշտապես ականջալուր լինել հասարակության կարիքներին: Յուրաքանչյուր ոլորտում ունենալով իր ռազմավարական գործընկերը` հիմնադրամն աջակցել է հազարավոր մարդկանց Երևանում և մարզերում:
2011թ. Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի շնորհիվ Շիրակի և Արագածոտնի մարզերում անվճար զննում անցան 9056 հոգի, անվճար վիրահատություն և լազերային բուժում` 640 հոգի, իսկ 3,524-ը ստացան ակնոցներ: 2012 թ. ծրագիրը կշարունակվի Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի և Արմավիրի մարզերում: 2011 թ. ակնային զննումներին զուգահեռ Orange Հիմնադրամի աջակցությամբ 893 երեխաների համար Շիրակի և Արագածոտնի մարզի դպրոցներում անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ:
«Շեն» բարեգործական ՀԿ-ի հետ Orange Հիմնադրամը գյուղական համայնքներում աջակցում է մանկապարտեզների, մարզասրահների և համայնքային կենտրոնների կահավորումը: Մինչ օրս արդեն 13 գյուղական համայնք է օգտվել այս բարեգործական ծրագրից:
2011 թ. Orange Հիմնադրամի միջոցով 67 ուսանողի տրամադրվեց կրթաթոշակ երկու հիմնական չափանիշների հիման վրա. ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակ և առաջադիմություն: Ծրագրի մեջ ընդգրկված էին 5 համալսարաններ մարզերում և մեկը` Երևանում: