Ռալֆ Յիրիկյանն ու Ռուբեն Խաչատրյանը
13:15 | 20.04.12 | Նորություններ | 4998
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ասել է, որ «մենք պետք է պահպանենք բնությունը, քանի որ այն Հայաստանի ամենաթանկ կապիտալն է»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին Ռալֆ Յիրիկյանն ասել է այսօր «Երկրի օր- 2012» քարոզարշավին նվիրված մամլո ասուլիսին:
«Հայաստանը փոքր երկիր է՝ սահմանափակ բնական ռեսուրսներով, որոնց պահպանումը եւ ճիշտ տնօրինումն երկրի համար կենսական խնդիր է: Անհրաժեշտ է ցուցաբերել համապատասխան գիտակցություն եւ պատասխանատվություն պահպանելու մեր բնությունը, եւ բարձրացնելու գալիք սերունդների իրազեկվածության մակարդակը բնապահպանական խնդիրների մասին”,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:
«Երկրի օր-2012» քարոզարշավի շրջանակներում այս տարի նախատեսված է ծառատունկ իրականացնել Արարատի մարզի Ուրծաձոր համայնքում, որտեղ գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին կից բուֆերային գոտու այն հատվածը, որի պահպանությունը ստանձնել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը:
Ինչպես տեղեկացրել է հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը, այդ տարածքում նախատեսվում է 2000 ծառ տնկել:
Քարոզարշավի շրջանակներում հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացնում է «SMS ծառատունկ» ծրագիրը: «Նվիրի՛ր քո ծառը քո երկրին» կարգախոսի ներքո կարճ հաղորդագրության միջոցով ծառ տնկելու միջոցառումը կշարունակվի մինչեւ ապրիլի 30-ը:
Իսկ ապրիլի 27-ին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ, այս տարի արդեն երրորդ անգամ կիրականացնեն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բերվող ծաղիկների հավաքում, վերամշակում: