18:15 | 19.04.12 | Նորություններ | 2448

Հայտարարվել է ՏՏ ոլորտի «Լավագույն կառավարիչներ» մրցանակաբաշխության մեկնարկը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր հայտարարվել է ՀՀ վարչապետի բարձր հովհանու ներքո անցկացվող ՏՏ ոլորտի «Լավագույն կառավարիչներ» ամենամյա մրցանակաբաշխության մեկնարկը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել են  մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն  Հովիկ Մուսայելյանը, հանձնաժողովի անդամներ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու ՀՀ վարչապետի օգնական Վարդան Նիկոյանը:

«Մրցանակաբաշխության հիմնական նպատակը ՏՏ ոլորտում կառավարման հմտություններին տիրապետող մասնագետներ ունենալն է: ՏՏ ոլորտում ժամանակակից գիտելիքներով օժտված երիտասարդ կառավարիչների մեջ արվող ներդրումները հանդիսանում է այն կարեւոր գործոնը, որով պայմանավորված է Հայաստանի` ՏՏ համաշխարհային շուկայում իր ուրույն տեղի գրավումը»,-ասել է Հովիկ Մուսայելյանը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձր արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ են բարձրակարգ մենեջերներ, պետք է ստեղծենք համապատասխան միջավայր, որում կկարողանաք պատրաստել ՏՏ մենեջերներ եւ ոլորտը դարձնել մրցունակ», - նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Մրցույթին կարող են մասնակցել ավելի քան 10 տարվա փորձ ունեցող կառավարիչներ, որոնք աշխատում են ՀՀ-ում գրանցված ՏՏ ոլորտի ընկերություններում: Մասնակցության հայտը կարող են ներկայացնել մինչեւ ապրիլի 21-ը: Հաղթողները կհայտարարվեն մայիսի 15-ին, իսկ տասնհինգօրյա վերապատրաստման դասընթացը կլինի օգոստոսին` Սթենֆորդի համալսարանում:

Հայտարարությունն եւ մասնակցության հրավերը տեղակայված է http://www.gov.am/am/announcements/item/88/ հասցեով: