18:20 | 05.04.12 | Նորություններ | 2817

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծ կարեւորություն է տալիս IPv6 ինտերնետ արձանագրության ներդրմանը

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացրել է հունիսի 6-ին նախատեսված` «IPv6 արձանագրության միջազգային օր» նախաձեռնությանը միանալու մասին:

Ինտերնետային ծառայությունների առաջատար մատակարարները, ցանցային սարքավորումներ արտադրողները եւ ցանցային ընկերությունները հանդես են եկել նախաձեռնությամբ, համաձայն որի մինչեւ 2012 թ. հունիսի 6-ն իրենց արտադրանքի եւ ծառայությունների համար պետք է սկսեն օգտագործել IPv6 ինտերնետ արձանագրությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւս որոշում է կայացրել մասնակցելու IPv6 ինտերնետ արձանագրության գործարկման միջազգային նախաձեռնությանը, որը համացանցի պատմության մեջ ամենամասշտաբային սերնդափոխությունը կդառնա:

Ինտերնետային հանրության կողմից կազմակերպված IPv6 ինտերնետ արձանագրության գործարկման միջազգային օրը նոր սերնդի ինտերնետ արձանագրության համաշխարհային մասշտաբով անցման կարեւոր քայլ է: IPv6-ը` ներկայում գործող IPv4-ին հաջորդող ինտերնետ արձանագրությունը, առանցքային նշանակություն կունենա համացանցի զարգացման ոլորտում:

1981-ից գործող IPv4 ինտերնետ արձանագրությունն այլեւս չի համապատասխանում մերօրյա պահանջներին, քանի որ IPv4 արձանագրության հասցեներն արդեն սպառված են: Ինտերնետի արագ աճին զուգընթաց ի հայտ են եկել նոր` IPv6, ինտերնետ արձանագրության ստեղծման անհրաժեշտությունը, որն ընձեռում է ավելի շատ IP հասցեներ տրամադրելու եւ հետեւաբար` համացանցին ավելի շատ թվով սարքեր միացնելու հնարավորություն:

IPv6-ի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված էր ավելի մեծ թվով անհատական IP հասցեներ ապահովելու անհրաժեշտությամբ` հաշվի առնելով ինտերնետին միացման համար օգտագործվող սարքերի` անհատական համակարգիչների, բջջային հեռախոսների եւ բազմապիսի այլ սարքերի օրեցօր աճող թիվը:

«Բջջային հաղորդակցության շուկայում առաջատարի ղեկը ստանձնած ՎիվաՍել-ՄՏՍ-ը տվյալների փոխանակման ծավալների շարունակական աճ է արձանագրում, եւ մեծ կարեւորություն է տալիս IPv6 ինտերնետ արձանագրության ներդրմանը», - հայտնել են ընկերությունում:

IPv6-ը հասանելի կլինի ավտոմատ կերպով` IPv4-ին զուգահեռ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջը` www.vivacell.am աշխատում է թե՛ IPv4 եւ թե՛ IPv6 ինտերնետ արձանագրություններով: