12:26 | 03.04.12 | Նորություններ | 3590

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը 37 մլն դրամի աջակցություն է ցուցաբերում 4 կրթական ծրագրերի իրականացմանը

    Երեւան: Մեդիամաքս: Հանրակրթության եւ բարձրագույն կրթության ասպարեզում 4 ծրագրերի իրականացման նպատակով “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերությունը հատկացրել է շուրջ 37 մլն դրամ:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ասել է, որ առաջին ծրագիրը վերաբերում է Հայաստանի դպրոցներում կիրառվող բոլոր դասագրքերի շտեմարանի ստեղծմանը:

    Նախարարի խոսքով, 230 անվանում դասագիրք հնարավոր կլինի ներբեռնել համապատասխան կայքից: Երկրորդ ծրագիրը հանրակրթական դպրոցների եւ բուհերի վարկանիշավորման մեթոդաբանության մշակումն է:

    “Հասարակությունը պետք է հստակ ինֆորմացիա ունենա, թե որ դպրոցում եւ բուհում են տրամադրում բարձրակարգ կրթություն եւ գիտելիք”,- ասել է Արմեն Աշոտյանը:

    ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ ՀՀ կրթության նախարարության համագործակցության ծրագրի շրջանակներում կանցկացվի նաեւ “Լավագույն ուսանող” հանրապետական մրցույթը, որի արդյունքները կհրապարակվեն տարվա վերջին:

    Բացի այդ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մտադիր է 107 ավագ դպրոցներում մատուցել WI-FI ծառայություն:

    “Իհարկե, մենք կփակենք անցանկալի կայքերի մուտքը”,- ասել է նախարարը՝ նշելով, որ մինչեւ տարվա վերջ ինտերնետին համակցված կլինի հանրակրթական դպրոցների 98%-ը:

    Իր հերթին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ կրթությունն ընկերության այս տարվա գերակա ոլորտներից մեկն է:

    “Մեր երկրում շատ ոլորտներ աջակցության կարիքն ունեն, այդ թվում նաեւ կրթությունը: Եվ մասնավոր հատվածի աջակցությունն այս ոլորտի զարգացմանն անհրաժեշտ է”, - ասել է Ռալֆ Յիրիկյանը: