17:29 | 02.04.12 | Նորություններ | 1763
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր աուտիզմի միջազգային օրն է, եւ Orange Հիմնադրամը Մանկական հոգեբանների եւ հոգեբույժների հայկական ասոցիացիայի հետ միասին մեկնարկում է նոր նախագիծ, որի նպատակն է աջակցել աուտիզմով երեխաներին ու նրանց ընտանիքներին, աուտիզմով երեխաների ծնողներին օգնել սովորել ավելի հեշտությամբ շփվել իրենց երեխաների հետ:
Ծրագրի շրջանակներում երեխաների ծնողներին մասնավորապես կուսուցանվի PECS մեթոդը (նկարների փոխանակման կոմունիկացիոն համակարգ), որը լավագույն մեթոդներից է աուտիզմով տառապող երեխաների հետ հաղորդակցվելու եւ Հայաստանում սկսել է ուսուցանվել երկու տարի առաջ «Արաբկիր» բժշկական կենտրոնի կողմից եւ կրկին Orange Հիմնադրամի աջակցությամբ:
Ծրագիրը մեկնարկելու է մայիսի 1-ից եւ տեւելու է 6 ամիս:
Ծնողները կարող են հերթագրվել այսօրվանից սկսած` զանգահարելով 055 545531 եւ 055 443155 հեռախոսահամարներին:
«Orange-ը, լինելով հեռահաղորդակցության ընկերություն, իր հոգատարությունն է ցուցաբերում հասարակության այն անդամների նկատմամբ, ովքեր հաղորդակցման խնդիրներ ունեն: Ֆրանս Տելեկոմը ներգրավված է աուտիզմի ոլորտում արդեն 20 տարի ի վեր: Միաժամանակ մենք չափազանց կարեւորում ենք մեր աշխատակիցների ներգրավումը ընկերության հասարակական գործունեությանը: Հպարտությամբ ենք տեսնում, որ մեր աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականություններից բացի նաեւ հոգ են տանում հասարակության այլ անդամների նկատմամբ եւ ուրախությամբ ենք աջակցում նրանց փոքր կամ մեծ չափով լուծել խնդիրներ, որոնք վերջիններս տեսնում կամ կարեւորում են իրենց շուրջ», - ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 3 մլն դրամ: