17:18 | 30.03.12 | Նորություններ | 3307

ԱրմենՏել-ը հովանավորում է “Red Bull Paper Wings 2012” առաջնության ազգային փուլը

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) հովանավորում է «Red Bull Paper Wings 2012”  առաջնության ազգային փուլը:

2012թ-ի մարտի 27-ից 29-ը Հայաստանի բուհերի ուսանողները ցուցադրեցին թղթյա ինքնաթիռ պատրաստելու իրենց հմտությունները, լավագույն արդյունքներ ցուցադրած 45 մասնակից մարտի 31-ին կպայքարեն աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար, հայտնել են ընկերությունում:

«Տարեցտարի Red Bull Paper Wings առաջնությունը հավաքում է ավելի մեծ թվով երկրպագուներ ամբողջ աշխարհով: Առաջին հայացքից պարզ ու հասկանալի առաջադրանքները մասնակիցներից պահանջում են երկրաչափության հիմունքների, աէրոդինամիկայի և ֆիզիկայի օրենքների իմացություն: Վստահ եմ, որ մասնակիցները կցուցադրեն բարձր պատրաստվածություն և կստանան դրական լիցքեր և անմոռանալի տպավորություններ», - ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Red Bull Paper Wings 2012» համաշխարհային առաջնության շրջանակում թղթյա ինքնաթիռների մրցումների ազգային փուլն անցկացվում է 3 դասերում` «թռիչքի հեռավորություն», «թռիչքի տևողություն» և  «աէրոբատիկա»: Ընտրական փուլերն անցկացվեցին մարտի 27-ին` Երևանի Պետական Համալսարանում, մարտի 28-ին` Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում և մարտի 29-ին` Պետական Տնտեսագիտական Համալսարանում: Յուրաքանչյուր փուլում լավագույն արդյունքներ ցուցադրած 15 ուսանող անցան ազգային եզրափակիչ և մարտի 31-ին կպայքարեն Աշխարհի առաջնության 3 ուղեգրերի համար:

«Red Bull Paper Wings 2012» առաջնությունն անցկացվում է 2006 թվականից ավստրիական Զալցբուրգ քաղաքում` յուրաքանչյուր 3 տարին մեկ:  Մրցումներին մասնակցում են տարբեր երկրների ուսանողներ: