14:16 | 30.03.12 | Նորություններ | 4581
Երեւան: Մեդիամաքս: Orange Armenia-ն եւ Megafon-ը պատրաստվում են «հեղափոխություն» անել ռումինգի ոլորտում:
Այսօր Երեւանում Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան եւ Megafon-ի կորպորատիվ կոմունիկացիաների բաժնի ղեկավար Կարեն Ասոյանը հայտարարել են ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին:
Այս համագործակցության շնորհիվ Orange Armenia-ի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում, կօգտվեն ռումինգի հատուկ սակագներից: Մասնավորապես, միանալով Megafon-ի ցանցին, Orange Armenia բաժանորդները կզանգեն Orange-ի եւ Megafon-ի բաժանորդներին եւ զանգեր կստանան նրանցից 30 դրամ/րոպե սակագնով:
Բրունո Դյութուան ասել է, որ սա «իրական հեղափոխություն է», քանի որ առաջին անգամ աշխարհում ռոումինգի համար սահմանված են նույն գները, ինչ երկրի ներսում:
Կարեն Ասոյանը, իր հերթին, կարեւորել է այն հանգամանքը, որ այս ծառայությունը կրում է «զանգվածային» բնույթ:
Կողմերը նշել են, որ սա համագործակցության առաջին փուլն է, որը տեւելու է ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 30-ը: Այնուհետեւ կորոշվեն համագործակցության հետագա ուղիները: