14:24 | 27.03.12 | Նորություններ | 3170

“Ինտերակտիվ Թիվի”-ն այսօրվանից տրամադրում է նաեւ ինտերնետ ծառայություն

Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից “Ինտերակտիվ Թիվի” ընկերությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցության շրջանակներում սկսում է տրամադրել նաեւ ինտերնետ ծառայություն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Էդգար Դավթյանն ասել է, որ ինտերնետ ծառայությունն արդեն հասանելի է Կենտրոն համայնքում, դրան կհաջորդի Աջափնյակը:

Ներկայացնելով նոր ծառայությունը՝ նա տեղեկացրել է, որ “թիվի+ինտերնետ” մինիմալ փաթեթը (74 ալիք+2 մբ/վ ինտերնետ) կարելի է ձեռք բերել 9 հազար դրամով, մաքսիմալը՝ 15 հազարով (115 ալիք+8 մբ/վ): Ընկերությունը նաեւ անվճար տրամադրում է WiFi սարք:

ՎԶԵԲ ավագ բանկիր Ալեքսանդր Բաբայանն ասել է, որ “Ինտերակտիվ Թիվի” հետ համագործակցության պայմանագիրը կնքվել է 2011թ. սեպտեմբերին: Հինգ տարվա համագործակցության ծրագրի շրջանակներում բանկը փուլ առ փուլ ընկերությանը կտրամադրի $2,2 մլն՝ նոր սարքավորումների ձեռքբերման եւ նոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով: