18:05 | 19.03.12 | Նորություններ | 3365

Ամփոփվել են “Հայակ” առաջին մրցանակաբաշխության արդյունքները

Երեւան/Մեդիամաքս/. Մարտի 18-ին ամփոփվեցին Ազգային կինոյի “Հայակ” առաջին մրցանակաբաշխության արդյունքները:

Մրցանակաբաշխության հիմնադիրներն են Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը, «Orange Արմենիա» ընկերությունը եւ  Հայաստանի ազգային կինոկենտրոնը:  Մրցույթի ժյուրին գլխավորում էր ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

Առաջին “Հայակները” շնորհվեցին հետանկախության շրջանում ստեղծված հայկական լավագույն ֆիլմերին եւ դրանց հեղինակներին:

Հայկական կինոյում ունեցած  ավանդի համար “Հայակ” մրցանակ շնորհվեց Արտավազդ Փելեշյանին, Սոս Սարգսյանին, Լեւոն Աթոյանցին, Արման Մանարյանին եւ Ալբերտ Մկրտչյանին:

«Լավագույն դերասան» ճանաչվեց Միքայել Պողոսյանը ( «Երեւան ջան» ), իսկ «Լավագույն դերասանուհի»` Աննա Էլբակյանը ( «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ): «Լավագույն սցենարիստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց  «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ֆիլմի սցենարի հեղինակներին` Առնոլդ Աղաբաբովին եւ Զորայր Խալափյանին: «Լավագույն օպերատոր» անվանակարգում մրցանակը տրվեց Վահագն Տեր-Հակոբյանին («Վավերագրողը»), իսկ «Լավագույն  ռեժիսոր» ճանաչվեց Հարություն Խաչատրյանը («Սահման»): Ժյուրին «Լավագույն խաղարկային ֆիլմն» անվանակարգում մրցանակը  շնորհեց Վիգեն Չալդրանյանին («Ձայն բարբառոյ»): 

«Երջանիկ ենք աջակցել եւ մասնակցել Հայկական ազգային կինոյի մրցանակաբաշխության`“Հայակի” ստեղծմանն ու կայացմանը: Կարծում եւ հավատում ենք, որ ավելի քան ութ տասնամյակի պատմություն ունեցող հայկական կինոն, որն իր ուրույն տեղն է զբաղեցրել համաշխարհային կինոյի պատմության էջերում, եւ որը դժվար ժամանակաշրջանից հետո այսօր արդեն վերածնվում է, պետք է գնահատվի ու մեծարվի ըստ արժանվույն: Orange-ը սերտորեն կապված է կինոյի հետ ոչ միայն Հայաստանում. մեր ընկերությունն արդեն ավելի քան տասը տարի Կաննի միջազգային կինոփառատոնի եւ արդեն վեց տարի` բրիտանական BAFTA-ի պաշտոնական գործընկերն է», - ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: