14:33 | 10.03.12 | Նորություններ | 1002

Հայաստանում կա ավելի քան 3.8 միլիոն բջջային բաժանորդ, ասել է ՀՀ նախագահը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում կտրուկ նվազել է բջջային կապի սակագինը, իսկ բջջային բաժանորդների թիվն ավելացել է շուրջ 3 անգամ` կազմելով ավելի քան 3.8 միլիոն:

ՀՀ նախագահն այդ մասին ասել է` այսօր ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համագումարում:

«Արդեն 2010 թվականին 1 բնակչի հաշվով շարժական կապի բաժանորդների թվով Հայաստանն ԱՊՀ-ում զիջել է միայն Ռուսաստանին, աշխարհի 210 երկրների մեջ զբաղեցրել 43-րդ տեղը` այդ թվում գերազանցելով իր բոլոր անմիջական հարեւաններին: 2007 թվականի 5-ի դիմաց ՀՀ բնակչության ինտերնետ հասանելիությունը 2011 թվականին 100 մարդու հաշվով դարձել է 45, իսկ 2006 թվականի 5.4 միլիոն դրամից 1 մեգաբիթ-վայրկյան ինտերնետ ծառայության մեծածախ գինը նվազել է մինչեւ 35.6 հազար դրամի, կամ ավելի քան 150 անգամ», - ասել է Սերժ Սարգսյանը: