17:54 | 29.02.12 | Նորություններ | 2788

Հայաստանի մի շարք գյուղերում ուսուցիչների համար մեկնարկել են համակարգչային գրագիտությանն ուղղված դասընթացներ

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) և Հայաստանի մանուկներ հիմնադրամը հայտարարել են Հայաստանի մարզերում ուսուցիչների համար համակարգչային գրագիտությանն ուղղված դասընթացների մեկնարկի մասին: 

Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2012 թ-ի փետրվարի 27-ին, որն ընդգրկեց 74 ուսուցիչ Հայաստանի տարբեր գյուղերից: Վերջիններիս համար անց են կացվում համակարգչային գրագիտությանն բարձրացմանն ուղղված հատուկ դասընթացներ, որոնք  հնարավորություն են ընձեռում ուսուցիչներին ձեռք բերել նոր հմտություններ և արդյունավետ կերպով օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները: Դասընթացում ներառված են ինտերնետից, կրթական կայքերից,  ինչպես նաև էլեկտրոնային ուսուցման ռեսուրսներից օգտվելու թեմատիկ  ծրագրեր, հայտնել են ԱրմենՏել-ում:

«Իր ողջ գործունեության ընթացքում «ԱրմենՏել» ընկերությունը նվիրել է հարյուրավոր համակարգիչներ կրթական տարբեր հաստատությունների: Մեր նոր ծրագիրն ուղղված է համակարգչային բնագավառում ուսուցիչների գիտելիքների բարձրացմանը, իսկ հետագայում դրանց փոխանցմանն աշակերտներին: Համակարգչային դասարանների բացմանը զուգահեռ այս ծրագիրը թույլ կտա ապահովել աճող սերնդին ոչ միայն ժամանակակից տեխնիկայով այլ նաև մասնագիտացված ուսուցիչներով, որը հնարավորություն կընձեռի մեր աշակերտներին խորությամբ ուսումնասիրել ինֆորմատիկա առարկան  և ձեռք բերել հիմնարար գիտելիքներ», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 
 
Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի Դալարիկ, Քարակերտ, Մյասնիկյան, Շենիկ, Արագածավան և Արենի գյուղերում: