10:03 | 27.02.12 | Նորություններ | 3098

Հեռահաղորդակցության ոլորտում պետությունը սպասում է մասնավոր հատվածի առաջարկներին

Երեւան/Մեդիամաքս/. Փետրվարի 25-26 Աղվերանում տեղի է ունեցել «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի առկա խնդիրները եւ զարգացման ռազմավարությունը:

Ֆորումի ընթացքում Orange Armenia ընկերության ծրագրերի համակարգող Վահե Հովհաննիսյանն ասել է, որ դեռեւս պարզ չէ, թե պետությունն ի՞նչ է պատրաստվում առաջարկել մասնավոր հատվածին հեռահաղորդակցության ոլորտում, եւ կարեւոր է տեղեկանալ, թե որոնք են պետության առաջնահերթություններն այս ոլորտում:

«Հստակությունն այս հարցում կօգնի մեր ներդրումներն առավել նպատակային ուղղել այս ոլորտում: Եթե կան պետության կողմից առաջարկվող  ծրագրեր, մենք կցանկանայինք տեղեկանալ դրանց մասին», - ասել է Վահե Հովհաննիսյանը:

Ի պատասխան այս հարցադրմանը, ՀՀ տրանսպորտ եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանն ասել է, որ ճիշտ կլինի լսել մասնավոր հատվածի առաջարկություններ եւ դրանց վրա կառուցել բիզնես-պետություն համագործակցությունը:

«Օրինակ, Հյուսիս-Հարավ ճանապարհի հատվածում մենք ենթակառուցվածքների տեղեր կարող ենք հատկացնել մասնավոր ընկերություններին` նրանց կողմից առաջարկների ներկայացման դեպքում»,- հստակեցրել է փոխնախարարը:

Նա ընդգծել է համայնքներում հեռահաղորդակցության ոլորտում մրցակցության բացակայության խնդիրը` նշելով, որ մասնավոր հատվածի առաջարկները կարող են որոշակիորեն շտկել իրավիճակը: