11:19 | 23.02.12 | Նորություններ | 3311

    Աղվերանում կքննարկվի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ռազմավարությունը

    Երեւան/Մեդիամաքս/. Փետրվարի 25-26-ը Աղվերանում «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի ընթացքում կքննարկվեն Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ առկա խնդիրները:

    Ֆորումին կմասնակցեն ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտներում գործող ընկերություններից:

    Օրակարգում ներառված թեմաներից են.

    - ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ռազմավարություն. խնդիրներ եւ հնարավորությունները;

    - Հեռահաղորդակցության ոլորտի հանրային ծառայությունների կարգավորման խնդիրները եւ միջնաժամկետ նպատակները;

    - Ենթակառուցվածքների համատեղ օգտագործում` Վիրտուալ օպերատորներ, Համարների տեղափոխելիություն, Ունիվերսալ ծառայություններ;

    - Հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններ. մայրուղիներից մինչեւ տանիքներ;

    - Համայնքների ռազմավարական զարգացման նախագծերում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ներառման հնարավորություններ;

    - Հեռահաղորդակցության ոլորտի տենդերներ. թափանցիկություն,  անկողմնակալություն եւ արհեստավարժություն` տենդերների նախապատրաստման աշխատանքներ, տենդերների առցանց իրականացում, տենդերների բողոքարկում, ոլորտային միությունների ներկայացուցիչների ներգրավման հնարավորություններ:

    Քննարկված հարցերի եւ ձեւավորված առաջարկությունների վերաբերյալ առաջարկները կփոխանցվեն ՀՀ կառավարություն եւ լիազոր մարմիններ:

    «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից: