ԱրՔա-ի տնօրեն Իշխան Մխիթարյանը
16:49 | 15.02.12 | Նորություններ | exclusive 1148
Երեւան: Մեդիամաքս: Դժվար գտնվի ԱրՔա ազգային վճարահաշվարկային համակարգի arca.am վեբկայքում կոմունալ եւ այլ ինտերնետ-վճարումներ իրականացնող մեկը, ով լիովին գոհ է համակարգի աշխատանքից:
Եթե սովորաբար համակարգը, օգտվողների հավաստմամբ, ոչ կանոնավոր է սպասարկում գործարքները, ապա անցած ամիս կային օրեր, երբ նրանով բացարձակ չէր ստացվում վճարում կատարել:
Այդ ժամանակ ԱրՔա-ի տնօրեն Իշխան Մխիթարյանը Մեդիամաքս-ին ասել էր, որ կայքի աշխատանքում խաթարումները կապված են դրա գերծանրաբեռնվածության հետ, որի պատճառը դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումների վերաբերյալ տվյալների ուշ տրամադրումն է համակարգին, ինչը եւ բերել է կայքի միջոցով միաժամանակ իրականացվող վճարման գործարքների թվի աճին:
Համակարգից դժգոհության աճը, ի դեպ, տեղի է ունենում ԱրՔա-ից օգտվողների թվի աճին զուգընթաց: Մասնավորապես, 2011թ. դեկտեմբերին համակարգում սպասարկել է ավելի քան 80 հազ. վիրտուալ գործարք (ինչը շուրջ 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը), որոնցից 53 հազարը իրականացվել է ինտերնետով; 2011թ. դեկտեմբերին համակարգը սպասարկել է 641 մլն դրամի ինտերնետ-վճարումներ՝ 2010թ. դեկտեմբերի 181 մլն դրամի դիմաց:
«Այսօր մեր կողմից կիրառվող ծրագրային հենքն ունի ավելի քան 10 տարվա պատմություն եւ բավականին հնացած է: Խնդիրներն առաջանում են ոչ թե վեբկայքի անորակ լինելու, այլ այն պատճառով, որ կայքն աշխատում է նույն «տաշտակի» հետ», - բնութագրում է ներկայիս պրոցեսինգային համակարգը ԱրՔա-ի տնօրեն Իշխան Մխիթարյանը:
Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում նա պատմել է, որ աճի վերոհիշյալ տեմպերն ուղղակիորեն ստիպում են ԱրՔա-ին ձեռնարկել քայլեր համակարգի անխափան աշխատանքի ապահովման և զարգացման ուղղությամբ:«Համակարգը մի պրոցեսինգային համակարգից անցնում է մեկ ուրիշին, ամբողջությամբ փոխվում է ապարատածրագրային համալիրը: Ներդրվում է ժամանակակից պլատֆորմ, որը կբավարարի բանկերի բոլոր բիզնես-պահանջները եւ որտեղ ընդգրկված կլինեն քարտային բիզնեսում արդիական տեխնոլոգիաները: Նոր համակարգը հարմարեցված է լինելու ինտերնետ-վճարումների համար նախատեսված 3D Secure տեխնոլոգիայով աշխատելու համար», - պատմել է Իշխան Մխիթարյանը:
Մեկ երկրում միասնական վճարահաշվարկային համակարգի գոյությունը կոչված է հեշտացնելու եւ ֆինանսական համակարգի եւ քաղաքացիների կյանքը: Բոլոր բանկոմատների եւ պոս-տերմինալների ցանցի՝ մեկ պրոցեսինգային կենտրոնին միացված լինելը թույլ է տալիս բանկերին խուսափել սեփական պրոցեսինգի գործարկման ծախսերից, իսկ քաղաքացիներին՝ օգտվել ծառայությունների միասնական ցանկից:
Բացի այդ, երկրի մասշտաբով իրականացվող բազմաթիվ նախագծեր ավելի հեշտ է լուծել ազգային վճարահաշվարկային համակարգի գոյության պարագայում: Որպես դրա վառ օրինակ Իշխան Մխիթարյանը բերում է կենսաթոշակային քարտերը:
Այս ամենը միանշանակ է միմիայն համակարգի կանոնավոր աշխատանքի պարագայում, իսկ ինտերնետ-վճարումների սրընթաց աճի պարագայում անխափան գործող վճարահաշվարկային համակարգն այլեւս ճոխություն չէ, այլ անհրաժեշտություն:
Ուշացած վերազինում
Մեկ տարի առաջ, 2011թ. փետրվարին Իշխան Մխիթարյանը Մեդիամաքս-ին ասել էր, որ ArCa-ն գիտակցում է տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը եւ գործադրում է համապատասխան քայլեր: Նա ասել էր, որ ծրագրային ապահովման թարմացման նպատակով հայտարարվել էր մրցույթ, որը ամփոփվում է, ինչից հետո կսկսվի վերազինման բուն գործընթացը: «Մեր համակարգի վերազինումը բավարար չափով կապահովագրի մեր պրոցեսինգով աշխատող բանկերին անհիմն «չարջբեքերից»-երից [անգլ. charge back, վճարողի կողմից գործարքի բողոքարկում, որի դեպքում գումարը դուրս է գրվում ստացողի հաշվից եւ վերադարձվում է վճարողին, ինչից հետո գործարքի ճշմարտությունն ապացուցելու իրավունքն անցնում է ստացող կողմին – խմբ.]: Վերազինումը կտեւի շուրջ 1 տարի, ինչից հետո բանկերը, կարծում եմ, ավելի պատրաստակամ կլինեն միջազգային Visa միջազգային քարտերով ինտերնետ վճարումների ընդունման լիցենզիայի ձեռքբերման հարցում», - ասում էր Իշխան Մխիթարյանը: Կարելի է փաստել, որ այս 1 տարվա ընթացքում վերազինման ուղղությամբ իրական քայլեր չեն կատարվել: