09:45 | 03.02.12 | Նորություններ | 3049

Ռոստելեկոմը $22,5 մլն-ով գնեց GNC-Alfa-ի 75 %-ը

Երեւան/Մեդիամաքս/. Թաթարստանում գործող Ռոստելեկոմի դուստր Teleset Networks ընկերությունը $22,5 մլն-ով գնել է GNC-Alfa հայաստանյան մագիստրալային օպերատորի բաժնետոմսերի 75 % մինուս մեկ բաժնետոմս:

Այս մասին հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2010-ի հոկտեմբերին GNC-Alfa-ն եւ Ռոստելեկոմը համաձայնագիր էին ստորագրել ՀՀ տարածքում Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո ծառայությունների մատուցման մասին:

Ինչպես այն ժամանակ Մեդիամաքս-ին հայտնել էր GNC Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, համաձայնագիրը ենթադրում է ՀՀ հաճախորդներին Ռոստելեկոմի այնպիսի ծառայությունների մատուցում, ինչպիսիք են IP-տարանցումը, ինտերնետ-կապը կորպորատիվ հաճախորդների համար եւ կապուղիների վարձակալությունը: Նա նշել էր, որ համաձայնագիրը չի նախատեսում Ռոստելեկոմի կողմից հայաստանյան ընկերության ակտիվների ձեռք բերում:

2011թ. մայիսին Հայկ Ֆարամազյանը հաստատել էր, որ բաժնետերերը քննարկում են բիզնեսն ամբողջությամբ կամ մասամբ վաճառելու հնարավորությունը: «Մենք վարձել ենք խորհրդատուներ, ովքեր կիրականացնեն հավանական գործարքը: Որքան ինձ հայտնի է, գնման առաջարկներն արդեն ուղարկվել են ռուսաստանյան եւ եվրոպական որոշ ընկերությունների»,- ասել էր նա “Կոմերսանտին”: