16:52 | 02.02.12 | Նորություններ | 3093
Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը շարունակում է համայնքային զարգացմանն ուղղված իր բարեգործական ծրագրերի իրականացումը: Լոռու մարզի Շահումյան գյուղում բացվեց գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն, որը հիմնվել է Orange-ի, «Շեն» բարեգործական կազմակերպության եւ համայնքի համատեղ ջանքերով:
3600 բնակիչ ունեցող այս գյուղում բացված համակարգչային սրահը համալրված է 7 համակարգչով, տպիչ/սկաներով, վեբկամով, Orange-ի Flybox երթուղիչով:
Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2,348,000 դրամ:
«Ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են անհավատալի արագությամբ, եւ դրանց կիրառումն ամենօրյա կյանքում ոչ միայն հեշտացնում է մարդկանց կյանքը, այլ նաեւ կարող է խթանել հասարակական, մշակութային, գիտական զարգացումը, ապահովել մարդկանց մշտական տեղեկացվածությունը: Մենք հեռահաղորդակցության ընկերություն ենք, եւ մեր աշխատանքի նպատակն ու առաքելությունն է հաղորդակցման նորագույն միջոցները հասցնել բոլորին: Այս համակարգչային սրահը թույլ կտա բոլոր նրանց, ովքեր չեն կարող ունենալ սեփական համակարգիչ տանը, օգտվել եւ համակարգչից, եւ լայնաշերտ ինտերնետից », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Սա թվով 9-րդ համակարգչային սրահն է, որ հիմնվել է Հայաստանի տարբեր մարզերում, որոնց միասնական ամսական այցելություններն անցնում են 2000-ը: