15:08 | 02.02.12 | Նորություններ | 1132

Հայաստանի ՏՏ-ընկերություններն ավելի քիչ շահութահարկ կվճարեն

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ՏՏ-ոլորտի ընկերությունների կողմից ծրագրային ապահովման հարմարեցմանը, արտադրության պրոցեսում նորամուծությունների ներդրմանը եւ ինովացիոն գործունեությանն ուղղվող ծախսերը, հարկվող շահույթը որոշելիս, կնվազեցվեն համախառն եկամտից, ինչը կբերի շահութահարկի փոքրացմանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, համապատասխան որոշումն այսօրվա նիստում ընդունել է Հայաստանի կառավարությունը:

«ՏՏ [զարգացման ազգային] խորհրդում մեր առջեւ հարց էր բարձրացվել, որ անհրաժեշտ է գիտահետազոտական, կոնստրուկտորա-հետազոտական աշխատանքների վրա ծախսվող գումարների չափով նվազեցնել հարկվող շահույթը: Այսօր մենք ընդառաջ ենք գնում մասնավոր հատվածի խնդրանքին եւ համապատասխան որոշում ենք կայացնելու», - կառավարության նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Գործող օրենսդրությամբ հարկվող շահույթը որոշելիս, համախառն եկամուտը նվազեցվում է գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա կատարված ծախսերի չափով, սակայն ծրագրային ապահովման հարմարեցումը, արտադրության պրոցեսում նորամուծությունների ներդրումը եւ ինովացիոն գործունեությունը մինչ այժմ չէին համարվում գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքներ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2011թ. ապրիլին ասել էր, որ պետությունը պատրաստ է հարկային արտոնություններ տալ այն ընկերություններին, որոնք հանդես կգան նորարարական արտադրանքով:

«Ցանկացած արտադրությանը, որը կհիմնվի նորարարական բազայի վրա եւ կտա արտադրանք, որը Հայաստանում չի արտադրվում, մենք պատրաստ ենք օգնելու միջոցներով, պատրաստ ենք տալ հարկային արտոնություններ: Օրինակ, պատրաստ ենք 3-4 տարով ազատել շահութահարկից, հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը, պատրաստ ենք այլ օժանդակությունների», - ասել էր Սերժ Սարգսյանը:

Կարելի է ենթադրել, որ կառավարության այսօրվա որոշումը նախագահի խոսքերի սրբագրված տարբերակն է:

Ի դեպ, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան նախորդ տարի ասել էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամի «չի սիրում շահութահարկի արձակուրդներ»: