18:10 | 25.01.12 | Նորություններ | 3179
Երեւան/Մեդիամաքս/. Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի եվրոպական շուկաների գործադիր փոխնախագահ Բենուա Շինին այսօր Երեւանում կարեւորել է բջջային հեռախոսահամարների շարժականության համակարգի ներդրումը եւ այդ հարցում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աջակցությունը:
Բջջային հեռախոսահամարների շարժականության համակարգը (MNP- Mobile Number Portability) թույլ է տալիս բաժանորդին օպերատորի փոփոխության դեպքում չփոխել բջջային հեռախոսահամարը:
Բենուա Շինին այդ մասին ասել է այսօր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ կայացած հանդիպման ժամանակ: Մանուկ Վարդանյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի այդ հարցը` հաշվի առնելով եվրոպական երկրների օրենսդրությունը եւ մյուս օպերատորների շահագրգռվածությունը:
Անդրադառնալով Հայաստանում Orange-ի գործունեությանը` նախարարը գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքից եւ նշել, որ ընկերությունը բավականին ագրեսիվ քաղաքականություն է վարում` հանդես գալով նոր նախաձեռնություններով:
Նախարարը Բենուա Շինին առաջարկել է քննարկել ռոմինգ ծառայության սակագների նվազեցման, ինչպես նաեւ արբանյակային հեռարձակման միջոցով ինտերնետ ծառայությունների մատուցման հարցերը` օգտվելով Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից Հայաստանին հատկացված երկու արբանյակներից, ինչպես նաեւ ֆրանսիական արբանյակների համակարգից:
Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել քննարկելու նախարարի ներկայացրած հարցերը, Մեդիամաքս-ին հայտնեցին նախարարությունում: