Աշոտ Բլեյանը
10:23 | 25.01.12 | Նորություններ | 823
Երեւան/Մեդիամաքս/. Հունվարի 15-ից մինչեւ փետրվարի 1-ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի նախաձեռնությամբ անցկացվում է “Հանրակրթության Դիջիտեք 2012”-ը:
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հունվարի 24-ին կայացած “”Նորարարական կրթություն. նոր տեխնոլոգիաներ եւ մեդիա” կլոր-սեղան քննարկման ժամանակ ասել է, որ նախարարության պատվերով իրականացվող միջոցառումը թվային ուսուցման միջոցները որպես հանրակրթության արդյունավետ գործիք օգտագործելու ստուգատես է:
«Մեզ հետաքրքիր է, թե երեխաների համար այդքան հրապուրիչ գործիքներն ինչպես կարելի է օգտագործել կրթական գործընթացում: Մեր գործընկերներ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Մայքրոսոֆթը, Յունիքոմփը եւս շահագրգիռ են, որ այս միջոցառումը կայանա եւ դառնա ավելի զանգվածային ու հեղինակավոր», - ասել է նա:
Կրթահամալիրի տնօրենն ասել է, որ Հանրակրթության Դիջիտեքի 14 անվանակարգերում ընդգրկվելու համար թվային տեխնոլոգիաների միջոցով արված աշխատանքներ կարող են ներկայացնել բոլոր տարիքի սովորողները նաեւ այլ երկրներից:
«Դիջիտեքի առավելությունն իր հրապարակային լինելն է. երեխաների աշխատանքները կքննի բաց հանձնաժողովը»,-ասել է նա:
Քննարկմանը ներկա էր նաեւ ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է, որ կրթահամալիրի նախաձեռնած փորձարարական ծրագիրն իրեն հետաքրքրել է որպես հեռահար կրթության կազմակերպման ձեւ:
«Հեռահար ուսուցումը, որի սկիզբը դրել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, կօգնի հաշմանդամ երեխաներին, քրեակատարողական հիմնարկների անչափահաս դատապարտյալներին կրթություն ստանալ: Բացի այդ, մասնակից երեխաների հետաքրքիր նախաձեռնություններից կարելի է ենթադրել, որ նման նորարական մեթոդները հենց այն են, ինչ ակնկալում ենք 21-րդ դարի դպրոցից»,-ասել է նա:
ԻՏՁՄ ներկայացուցիչ Վահան Հովսեփյանն էլ ասել է, որ Հանրակրթության Դիջիտեքում ԻՏՁՄ-ի դերը գործընթացի համակարգման մեջ է:
“ԻՏՁՄ-ի որոշ ընկերություններ առարկայական մասնակցություն ունեն. ԻՏՁՄ-ում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչները տարբեր անվանակարգերի հաղթողների համար սահմանել են մրցանակներ, բացի այդ` փետրվարի 7-ից Դիջիտեքի մասնակիցների եւ բոլոր ցանկացողների համար կիրականացնեն վարպետության դասեր` ներկայացնելով նորագույն կրթական ծրագրերը եւ լուծումները”,-ասել է նա:
Հանրակրթության Դիջիտեքին մասնակցելու եւ ներկայացված աշխատանքներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են այցելել www.digitec.mskh.am հասցեով: